ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ի՞նչ պատվաստումներ պետք է ստանա երեխան

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներն են, որոնց շնորհիվ երեխան ծննդյան օրվանից սկսած կպաշտպանվի մի շարք վարակներից և հիվանդություններից։

Կանխարգելիչ պատվաստումների իրականացումը ՀՀ պետական քաղաքականությունն է, որը բնակչությանը տրամադրվում է անվճար։

Մինչև 6 տարեկան երեխայի պատվաստումների ցանկը ներկայացված է ստորև․

  1. Ծնվելուց 0-24 ժամ հետո

    Պատվաստանյութ՝ ԲՑԺ

    Հիվանդություն՝ տուբերկուլյոզ

  2. Ծնվելուց 24-48 ժամ հետո

    Պատվաստանյութ՝ ՎՀԲ

    Հիվանդություն՝ հեպատիտ Բ

  3. 6 շաբաթական

    Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ, ՌՈՏԱ, ՊՆԵՎՄՈ

    Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, պոլիոմիելիտ, հեպատիտ Բ, ռոտավիրուս, պնևմակոկ

  4. 12 շաբաթական

    Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ, ՌՈՏԱ, ՊՆԵՎՄՈ
    Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, հեպատիտ Բ, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, պնևմակոկ

  5. 18 շաբաթական

    Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ, ՊՆԵՎՄՈ
    Հիվանդություններ՝ դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, պոլիոմիելիտ, պնևմակոկ

  6. 12 ամսական

    Պատվաստանյութ՝ ԿԿԽ
    Հիվանդություններ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ

  7. 18 ամսական

    Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ (տետրաքսիմ)
    Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, հեպատիտ Բ, պոլիոմիելիտ

  8. 4 տարեկան

    Պատվաստանյութ՝ ԿԿԽ
    Հիվանդություններ՝ կարմրուկ, կարմրախտ, խոզուկ

  9. 6 տարեկան

    Պատվաստանյութեր՝ ԱԿԴՓ, ՎՀԲ, ՀԻԲ, ԻՊՎ (տետրաքսիմ)
    Հիվանդություններ՝ դիֆտերիա, կապույտ հազ, փայտացում, հեմոֆիլուսային Բ տեսակի վարակ, հեպատիտ Բ, պոլիոմիելիտ

Վերը նշված բոլոր պատվաստումները երեխան պետք է ստանա միայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (պոլիկլինիկա, առողջության կենտրոն, ամբուլատորիա, բուժկետ)։ Շատ կարևոր է, որ երեխան պատվաստվի՝ համաձայն վերը նշված ժամանակացույցի։

Եթե երեխայի մոտ նկատվում են ոչ բարձր ջերմություն, թեթև փորլուծություն և թուլություն, ապա մանկաբույժի թույլտվությամբ նա կարող է պատվաստվել։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակացուցումները մի քանիսն են․

  • Եթե պատվաստանյութի նախորդ դեղաչափից երեխայի մոտ եղել է շատ ծանր ալերգիկ կամ անաֆիլակտիկ ռեակցիա (հիմնական նշաններն են եղնջացանը, սուլող շնչառությունը, ճնշման անկումը), տվյալ պատվաստանյութով երեխան չի պատվաստվում։
  • Եթե երեխայի մոտ առկա է ծանր իմունային անբավարարություն (օրինակ՝ ՁԻԱՀ-ի, չարորակ նորագայացությունների, իմունիտետը ճնշող դեղամիջոցների և ճառագայթային բուժման արդյունքում)։
  • Եթե երեխայի մոտ առկա են հակացուցումներ կոնկրետ պատվաստանյութերի նկատմամբ (օրինակ՝ զարգացող նյարդաբանական վիճակների դեպքում կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութով պատվաստում չի կատարվում, կամ հեպատիտ Բ-ի և տուբերկուլյոզի դեմ պատվաստում չի կատարվում 2000 գրամից ցածր քաշ ունեցող նորածիններին)։
Պատվաստումների ցանկը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 23-ի N 3187-Ա որոշման:

Ուշադրություն
Երեխայի ծննդյան 9-րդ ամսում անհրաժեշտ է հանձնել արյան անալիզ հեմոգլոբինի տոկոսը ստուգելու համար, ինչպես նաև ստանալ նյարդաբանի խորհրդատվություն։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր