ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Առողջություն

Այս ուղեցույցի օգնությամբ կկարողանաս հետևել առողջությանդ, կանխարգելել կամ բուժել առաջացած հիվանդությունները՝ օգտվելով համապատասխան պետական աջակցության ծրագրերից։  

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս հետևել առողջությանը Հայաստանում

  1. Քայլ 1

    Տեղեկացիր առողջապահական ծառայությունների մասին

    Պարզիր, թե առողջությանդ հետևելու ինչ տարբերակ կարող ես ընտրել Հայաստանում․ գրանցվել պոլիկլինիկայում կամ օգտվել մասնագիտացված բժշկական սպասարկման այլ տեսակներից։ 

  2. Քայլ 2

    Դիմիր բժշկի

    Եթե հանկարծակի բժշկի կարիք ունես, կանչիր շտապօգնություն, իսկ եթե կարող ես սպասել, կամ ցանկանում ես կանխարգելիչ հետազոտության գնալ, գրանցվիր բժշկիդ մոտ այցի։ Նա քեզ կզննի և անհրաժեշտության դեպքում կուղղորդի լրացուցիչ հետազոտությունների։ 

  3. Քայլ 3

    Կատարիր բժշկի ցուցումները

    Հետևիր բժշկիդ խորհուրդներին և ձեռք բեր դեղատոմսով ցուցված դեղամիջոցները՝ չմոռանալով, որ բուժվելուց հետո անհրաժեշտ է շարունակաբար հետևել առողջությանը։ 

Բուժօգնության կազմակերպումը Հայաստանում

Հայաստանում բնակչության առողջության պահպանումը կազմակերպվում է հետևյալ տեսակներով․ 

  • շտապ և անհետաձգելի բուժօգնություն, որը ցուցաբերվում է հանկարծակի առաջացած վտանգավոր իրավիճակներում,
  • առաջնային բուժօգնություն, որը անվճար, մատչելի մեթոդներով և առավելապես կանխարելիչ բնույթի սպասարկում է,  
  • մասնագիտացված բուժօգնություն, որտեղ կիրառվում են հատուկ մեթոդներ ու տեխնոլոգիաներ (հիմնականում՝ վճարովի ծառայություններ),
  • կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություններ ունեցող հիվանդներին տրամադրվող ֆիզիկական և սոցիալ-հոգեբանական աջակցություն (պալիատիվ բժշկական օգնություն)։ 

Բժշկական օգնություն կարող ես ստանալ՝

  • բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում),
  • արտահիվանդանոցային պայմաններում՝ շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ՝ տնային կանչը),
  • ցերեկային հիվանդանոցային բուժում (ստացիոնար), եթե շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում է պետք ցերեկային ժամերին,
  • հիվանդանոցում, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:

ԱՐՄԵԴ-ը առողջապահական տվյալների կառավարման միասնական համակարգ է, որտեղ մուտքագրվում և պահվում են բնակչության առողջությանը վերաբերվող ամբողջական տվյալներ:

Այստեղ բժիշկը կարողանում է էլեկտրոնային եղանակով տեսնել պացիենտի առողջության պատմությունն ու արդյունավետ բուժում նշանակել։ 

Իսկ պացիենտը հավելվածի կամ կայքի միջոցով կարող է տեսնել, թե որ պոլիկլինիկայում և որ բժշկի մոտ է կցագրված, ինչպես նաև առցանց հերթագրվել բժշկի մոտ։ 

Պետպատվերով և սոցփաթեթով սպասարկվող քաղաքացիների համար առկա է տեղեկատվություն նաև այցի շրջանակում կատարված բուժման մասին։


Այս համակարգով են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսերը։  

Բաժինը կազմվել է՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի։

Անվճար և համավճարով բուժօգնություն (պետական պատվեր)

Պետական պատվերի շրջանակում բուժօգնությունը պետությունը կազմակերպում է անվճար կամ արտոնյալ (համավճար) տարբերակներով՝ բժշկական հաստատությունների կամ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցության սկզբունքով, ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան

Հիվանդանոցային պայմաններում բուժօգնությունը անվճար է հետևյալ դեպքերում․ 

  • վերակենդանացման միջոցառումներ,
  • սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժում (ստենտավորում),
  • գլխուղեղի սուր կամ իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժում,
  • ծննդօգնություն,
  • չարորակ հիվանդությունների վիրահատական բուժում, 
  • աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդություններ,
  • նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձանց փորձաքննություն և բուժօգնություն, 
  • տուբերկուլոզի ախտորոշում և բուժում,
  • հոգեկան և նարկոլոգիական հիվանդություններ, 
  • հեմոդիալիզի ծառայություններ։


Արտահիվանդանոցային պայմաններում բուժօգնությունն անվճար է հետևյալ դեպքերում․ 

  • շտապ բուժօգնություն,
  • ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ, 
  • ընտանեկան բժշկի ծառայություններ,
  • ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատած հետազոտություններ, 
  • ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի կանխարգելում և բուժում։

Համավճար չի կարող պահանջվել բնակչության հետևյալ խմբերից․ 

  • մինչև 18 տարեկան երեխաներ և 18-23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած անձինք,
  • վերարտադրության տարիքի կանայք՝ հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (42 օր),
  • ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,  
  • ընտանեկան նպաստ ստացող 28․1 և ավելի անապահովության միավոր ունեցող անձինք,  
  • նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված անձինք, 
  • զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ,
  • զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք՝ բուժման սկզբի 3 ամսվա ընթացքում, մինչև ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,
  • մանկատներում, ծերանոցներում և անօթևանների կացարաններում խնամվող անձինք, 
  • փրկարարներ և նրանց ընտանիքի անդամներ, կենսաթոշակառու, հաշմանդամ դարձած փրկարարներ, ծառայության ընթացքում զոհված փրկարարի ընտանիքի անդամներ,
  • ապաստան հայցողներ և նրանց ընտանիքի անդամներ,
  • Հայրենական պատերազմի մասնակիցներ,
  • 65 և ավելի բարձր տարիքի անձինք` ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասով,
  • ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ, բռնադատվածներ,
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
  • ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ, 
  • դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության և իրավասու մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկված անձինք։ 

Այս դեպքում տրամադրվում են․

  • հիվանդասենյակ,
  • մասնագիտական խորհրդատվություն,
  • խնամք,
  • լաբորատոր-գործիքային հետազոտություններ,
  • բուժական միջամտություն, 
  • դեղերի, թթվածնի և այլ գազերի կիրառում, 
  • ֆիզիոթերապևտիկ բուժում, 
  • վիրահատություն և վիրահատական ֆիքսող միջոցներ,
  • հակատուբերկուլոզային, հոգեկան և վերականգնողական բաժանմունքներում սննդի ապահովում։  

Համավճարը բժշկական ծառայությունների դիմաց վճարվող գումարի այն մասն է, որը վճարում է հիվանդը արտոնյալ պայմաններով բուժվելու դեպքում։ 

Համավճարով տրամադրվում են հետևյալ ծառայությունները․

  • անհետաձգելի բուժօգնություն,
  • մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ,
  • գինեկոլոգիական հիվանդություններ,
  • ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ։ 

Անվճար և համավճարով բուժօգնություն ստանալու հիմք է համարվում համապատասխան ուղեգիրը, որը տրամադրում է այն բժշկական հաստատությունը, ուր դիմել ես։

Ուղեգիրը տրամադրվում է նաև առցանց եղանակով (էլեկտրոնային ուղեգիր), այսինքն՝ բժիշկը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով ստեղծում է առցանց ուղեգիր, որը հասանելի է դառնում այն հաստատությունում, ուր ուղեգրված է պացիենտը։

Ուղեգրի հետ պետք է ներկայացնել նաև՝

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ։


Անհետաձգելի բուժում պահանջող հիվանդությունների ու վիճակների դեպքում ուղեգիր անհրաժեշտ չէ։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման։

Շտապ և անհետաձգելի բուժօգնություն

Ի՞նչ անել, եթե շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ

Եթե քեզ կամ կամ կողքիդ գտնվող որևէ մեկին հանկարծակի բժշկի օգնություն է պետք, ցանկացած բջջային կամ ֆիքսված հեռախոսից զանգահարիր «103»։

Եթե չհաջողվի կապ հաստատել, զանգահարիր «112» կամ «911», որտեղից անմիջապես կմիացնեն շտապօգնության ծառայությանը։ Հնարավորության դեպքում կարելի է նաև անմիջապես գնալ որևէ հիվանդանոցի շտապ օգնության ընդունարան (էմերջենսի)։

Շտապօգնության զանգը և ծառայությունը անվճար են բոլորի համար։

 

Ուշադրություն

Եթե չես կողմնորոշվում՝ արդյոք տվյալ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, թե ոչ, ապա անպայման զանգահարիր շտապօգնություն, քանի որ հաճախ կյանքին վտանգ կարող է սպառնալ նաև առանց վտանգավոր ախտանշանների։  

Հիվանդության հանկարծակի սրացման կամ առողջությանը վնասող իրավիճակում հիվանդանոցից դուրս տրամադրվող բժշկական օգնություն է՝ ոչ թե հիվանդությունը բուժելու, այլ հիվանդի վիճակը կայունացնելու նպատակով։ 

Այդ ընթացքում հնարավոր է ախտորոշել, ներարկումներ կատարել, վիճակը մեղմող դեղամիջոցներ նշանակել կամ հիվանդին հոսպիտալացնել։ 

Շտապօգնության ծառայությունը շուրջօրյա անհետաձգելի բուժօգնություն է տրամադրում հետևյալ դեպքերում․

  • հանկարծակի առաջացած հիվանդություններ (սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի խոռոչի և այլ օրգանների գործունեության սուր զարգացող խանգարումներ),
  • դժբախտ պատահարներ,
  • անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող քրոնիկ հիվանդությունների սրացումներ,
  • վարակիչ հիվանդությունների բռնկումներ, եթե կա անհետաձգելի բժշկական օգնության կամ պացիենտների հոսպիտալացման անհրաժեշտություն,
  • արտակարգ իրավիճակներ (զանգվածային վնասվածքներ, թունավորումներ և տարերային աղետներ):

Որպեսզի քո կանչը արագ գրանցվի և շտապօգնությունը շուտ ժամանի՝

  • ուշադիր լսիր հարցերը և տուր հստակ պատասխաններ,
  • նկարագրիր՝ ի՞նչ է պատահել (վթար, կաթված, ինքնազգացողության հանկարծակի վատացում և այլն), 
  • հայտնիր հիվանդի անունը, տարիքը (մոտավոր), սեռը,
  • տրամադրիր հետադարձ կապի հեռախոսահամար,
  • քո տվյալները (բարեկամ, հարևան կամ այլ),
  • հեռախոսն անջատիր միայն օպերատորի անջատելուց հետո։ 


Զանգի ընթացքում քեզ կարող են խորհուրդներով ուղղորդել որոշ քայլեր կատարելու, որպեսզի կանխվի իրավիճակի վատացումը․ ճշգրտորեն կատարիր դրանք։

Երևանում շտապօգնության մեքենայի ժամանումը տևում է միջինում 7 րոպե, առավելագույնը՝ 20 րոպե։

ՀՀ գյուղական վայրերում կանչը ստանալուց հետո ժամանումը տևում է.

  • մինչև 20 կմ հեռավորությունից ստացված կանչերի դեպքում՝ մինչև 15 րոպե,
  • ավելի հեռու վայրերից կանչերի դեպքում՝ առավելագույնը 30 րոպե:

Ցանկալի է բակում դիմավորել շտապօգնության խմբին՝ նրան հնարավորինս արագ հիվանդի մոտ ուղեկցելու համար։

Պետք է նաև ուշադիր լինել հնարավոր զանգերը լսելու համար, քանի որ օպերատորը կարող է կրկին զանգահարել տեղանքի կամ այլ հարցերի ճշգրտման նպատակով։  

Պետք է ներկայացնել պացիենտի անձնագիրը՝ անկախ նրան հիվանդանոց տեղափոխելու կամ տանը զննելու հանգամանքից։


Եթե տուժողը երեխա է, անհրաժեշտ է ներկայացնել՝

  • երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր),
  • ծնողներից մեկի անձնագիրը:  


Կանչի ընթացքում լրացվում է կանչի թերթիկը, որը ստորագրում է պացիենտը կամ նրա հարազատներից որևէ մեկը, իսկ հիվանդանոց տեղափոխելու դեպքում` ընդունարանի կամ հերթապահ պատասխանատու բժիշկը։  

Անհետաձգելի բժշկական օգնությունը տրամադրվում է հանկարծակի սուր կամ քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում, որոնք հիվանդի կյանքին ակնհայտ սպառնացող նշաններ չունեն։

Այն ցուցաբերվում է բուժհաստատության անհետաձգելի բուժօգնության բաժնի (Էմերջենսի) ընդունարանում՝ հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը։ Պացիենտը էմերջենսի է ուղղորդվում մինչև 24 ժամ տևողությամբ անհետաձգելի բժշկական օգնության անհրաժեշտության դեպքում։

Էմերջենսիում պացիենտը կարող է մնալ 24 ժամ, որից հետո նա կամ հոսպիտալացվում է կամ դուրս է գրվում:

Երևանից դեպի Հայաստանի մարզեր անհետաձգելի բուժօգնությունը տրամադրվում են Երևանից ուղարկվող բժշկական թիմերը, երբ մարզերի բժշկական հաստատություններից տրվում են կանչեր՝ բարդ և նեղ մասնագիտական խորհրդատվությունների, բուժական միջամտությունների և (կամ) հիվանդին Երևան տեղափոխելու համար։ 

Անհետաձգելի բուժօգնություն (Էմերջենսի) ցուցաբերել պահանջվում է հետևյալ վիճակների և ախտորոշումների դեպքում.

  • ծակած, կտրած, կծած վերքեր,
  • հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
  • մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
  • մարմնի բարձր ջերմություն` մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
  • սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
  • սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
  • աղեստամոքսային համակարգի գործունեության սուր խանգարում (դիսֆունկցիա)` մինչև ախտորոշումը,
  • արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում բուժում` հիվանդանոցային պայմաններում,
  • սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:

Եթե տվյալ բժշկական կազմակերպությունը չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա, այդ մասին գրառում է կատարվում «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկ»-ում պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ՝ նշելով նրան չընդունելու հիմքերը:

Բուժօգնությունը պոլիկլինիկայում

Պոլիկլինիկաներում, գյուղական ամբուլատոր հաստատություններում և բուժակ-մանկաբարձական կետերում մատուցվում են առողջության վերահսկմանն ու հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործառույթներ (առողջության առաջնային պահպանում):

Այդ ծառայությունները կարող ես ստանալ քո ընտրած բժշկական հաստատությունում, քո ընտրած բժշկի կողմից, որը համարվում է առողջությանդ առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկը։

Դու ինքնաշխատ գրանցվում ես քո բնակության վայրի տեղամասային հիվանդանոցում (պոլիկլինիկայում)՝ ըստ քո գրանցման վայրի։ Այդտեղ քեզ համար անհատական քարտ է բացվում, որտեղ կատարվում են նշումներ քո առողջության և հերթական ստուգումների վերաբերյալ։

Այս տեղեկատվությունը հասանելի է նաև Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում։

Նա կարող է լինել ընտանեկան բժիշկ, թերապևտ կամ մանկաբույժ, որը կիրականացնի քո առողջության պարբերական վերահսկման և պահպանման ծառայություններ։

Ընտանեկան բժշկի մոտ գրանցվում են բոլորը՝ անկախ տարիքից, թերապևտի մոտ` 18 և ավելի տարիք ունեցող բնակիչները, իսկ մանկաբույժի մոտ` մինչև 18 տարեկան երեխաները:

Երեխաների համար բժշկի ընտրությունը և նրա մոտ գրանցումն իրականացնում է երեխայի օրինական ներկայացուցիչը:

Պոլիկլինիկայում գրանցվել և բժշկի ընտրել կարող են ՀՀ բոլոր բնակիչները։ Ընդ որում՝ ՀՀ «բնակիչ» են համարվում՝

  • ՀՀ քաղաքացիները,
  • ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք,
  • քաղաքացիություն չունեցող անձինք,
  • օտարերկրյա քաղաքացիները,
  • ՀՀ-ում բնակվող փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձինք։ 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ԱԱՊ և առաջնային բուժօգնության այլ ծառայություններից օգտվում են վճարովի հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով:

Յուրաքանչյուր բնակիչ, անկախ ՀՀ-ում իր հաշվառման վայրից, բժշկին ընտրելու իրավունք ունի իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում։

Երևանի բնակիչները կարող են ընտրել քաղաքի վարչական սահմաններում գործող առողջության առաջնային պահպանման ցանկացած հաստատությունում աշխատող բժշկի:


Հնարավոր է նաև փոխել ընտրած բժիշկին՝ ընտրելով նոր բժշկի նույն կամ մեկ ուրիշ բժշկական հաստատությունում:

Բժշկին ընտրել չես կարող, եթե.

  • լրացել են նրա կողմից սպասարկվող և բնակիչների սահմանված թվերի առավելագույն չափաքանակները,

  • բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում պահանջներին,

  • բժշկական հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով (բացառությամբ կցագրված բուժակ-մանկաբարձական կետերի) բժիշկը չի կարող կատարել տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն:

 

ՀՀ քաղաքացին ներկայացնում է՝ անձնագիր և սոցիալական կամ նույնականացման քարտ։


Մինչև 16 տարեկան երեխայի համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական և սոցիալական քարտ:

Սոցիալապես անապահով կամ հատուկ խմբի պատկանելու դեպքում ներկայացվում է նաև տվյալ կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ-ում բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց կողմից ընտրված բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ:

Առցանց հերթագրվել բժշկի մոտ այցի
Սկսել

Պատվաստումներ

Պատվաստումը վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար անձի օրգանիզմում իմունիտետ (անընկալություն) առաջացնելու նպատակով պատվաստնյութի որոշակի չափաքանակի ներարկում է։ Դա նրան պաշտպանում է հիվանդությունից, իսկ հիվանդանալու դեպքում ապահովում է հիվանդության թեթև ընթացքը։  

Պետք է պատվաստվեն ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։

Երեխայի պատվաստումները սկսում են իրականացնել նրա կյանքի առաջին իսկ օրերից՝ համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի։ 

Մեծահասակների պատավաստումները կատարվում են՝ ելնելով համաճարակային իրավիճակից։ 

Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներին, կամ քաղաքացիություն չունեցող անձանց՝ անկախ ՀՀ-ում նրանց հաշվառված լինելու հանգամանքից։

Կանխարգելիչ պատվաստումներն անվճար են, կատարվում են պետության կողմից ձեռք բերված պատվաստանյութերով։ 

Եթե որոշել ես ճամփորդել, նկատի ունեցիր, որ որոշ երկրներ մեկնելիս կարող է պատվաստվելու անհրաժեշտություն առաջանալ։ Այդ պատվաստումները կատարվում են վճարովի հիմունքներով։ 

Աշխարհում պարտադիր է միայն դեղին տենդի դեմ պատվաստումը, որի համար տրվում է «Պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայական», որտեղ պետք է նշված լինի, որ անձը դեղին տենդի դեմ պատվաստում է ստացել։ Պատվաստումը պահանջվում է աֆրիկյան և լատինաամերիկյան որոշ երկրներ մուտք գործելիս։ Դեղին տենդի դեմ պատվաստումը պետք է ստանալ մեկնելուց առնվազն 10 օր առաջ։

Հնդկաստան մեկնողներին խորհուրդ է տրվում պատվաստվել հեպատիտ Ա-ի և որովայնային տիֆի դեմ: Եվրոպական երկրներ մեկնել ցանկացողներին առաջարկվում է պատվաստվել կարմրուկի ու կարմրախտի դեմ: Իսկ Աֆղանստան կամ Պակիստան մեկնողներին՝ պոլիոմելիտի դեմ։ 

Կանխարգելիչ հետազոտություններ (սքրինինգներ)

Հայաստանում անվճար կարգով բնակչության շրջանում իրականացվում են հետևյալ հետազոտությունները (սքրինինգները)․

  • զարկերակային ճնշման չափում՝ հիպերտոնիայի (բարձր ճնշման) վաղ հայտնաբերման նպատակով,
  • գլյուկոմետրիայի իրականացում՝ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման համար,
  • կրծքագեղձի զննում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով (մամոգրաֆիայի նշանակում` ըստ բժշկական ցուցման),
  • ՊԱՊ քսուքի հետազոտություն՝ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,
  • ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող 40 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության որոշում` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,
  • մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում՝ քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով։ 


Կանխարգելիչ հետազոտության մեկ այլ տեսակ է տարեկան կանխարգելիչ բուժզննումը, որը իրականացվում է առողջություն ապահովագրություն ունեցող կամ սոցիալական փաթեթով սպասարկվող բնակչության համար։ Ընդ որում՝ սոցիալական փաթեթի դեպքում այս հետազոտությունը պարտադիր պայման է փաթեթի մյուս բաղադրիչներից օգտվելու հնարավորություն ստանալու համար։

Երեխաների կանխարգելիչ հետազոտությունները (սքրինինգներ) նպատակ ունեն ժամանակին ախտորոշել ու բուժել ժառանգական հիվանդությունները։ Դրանք կատարվում են հետևյալ հիվանդությունների հայտնաբերման համար․

  • բնածին հիպոթիրեոզ,

  • ֆենիլկետոնուրիյա,

  • լսողության բնածին խանգարումներ, 

  • անհասության ռետինոպաթիյա,

  • սրտի բնածին արատներ, 

  • կոնքազդրային հոդի բնածին հոդախախտ։ 

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն և 2024 թվականի մարտի 11-ի N 87-Ն հրամանների։

Առողջության ապահովագրություն

Առողջությունդ ապահովագրելով՝ կկարողանաս անկանխատեսելի կամ արտակարգ իրավիճակներում ստանալ բժշկական պատշաճ օգնություն՝ խուսափելով մեծ ծախսերից։ 

 

Առողջությունդ ապահովագրելու համար կարող ես ընտրել ապահովագրության հետևյալ տեսակները․   

  • անհատական, 
  • կորպորատիվ,
  • սոցիալական փաթեթով տրամադրվող ապահովագրություն։ 

Նախքան առողջությունդ ապահովագրելը՝

  • Ուսումնասիրիր ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցվող ծառայությունների ցանկը, քանի որ կարող են առաջարկվել տարբեր փաթեթներ: 

  • Իմացիր, թե երբ է ակտիվանում ապահովագրական պայմանագիրը: Շատ դեպքերում գործում է սպասման ժամկետ․ այսինքն՝ փաթեթն ակտիվանում է մի քանի օր կամ նույնիսկ մի քանի ամիս անց:

  • Պարզիր՝ ինչպես և երբ է կատարվում փոխհատուցումը: Սովորաբար ապահովագրական կազմակերպություններն ունեն գործընկեր հիվանդանոցներ, որտեղ բժշկական ծառայությունների համար քո փոխարեն վճարում է ապահովագրական ընկերությունը։ Այլ հիվանդանոց ընտրելու դեպքում վճարումները կատարում ես ինքդ, այնուհետև վճարման անդորրագրերը փոխանցում ես ապահովագրական ընկերությանը, որն էլ որոշում է փոխհատուցել կամ չփոխհատուցել ծախսերը:

  • Պարզիր՝ կարող ես արդյոք քեզ հետ ապահովագրել նաև ընտանիքիդ անդամներին, և որքան կլինի նրանց սպասման ժամկետը։ Սովորաբար դա տևում է մինչև մեկ տարի․ այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում նրանք կարող են սպասարկվել ծառայությունների նվազագույն ծավալով, ընդ որում՝ տարբեր կազմակերություններում այդ ծավալները տարբեր են։   

 

Ապահովագրությամբ բժշկի դիմելու համար հայտ կարող ես ներկայացնել անձամբ կամ ապահովագրական ընկերության միջոցով։

Հայտը ապահովագրական ընկերության միջոցով ներկայացնելու համար անհրաժեշտ է․

  • զանգահարել ապահովագրական ընկերություն կամ այցելել նրանց կայք՝ հայտ գրանցելու համար, 
  • պատասխանել բժիշկ-փորձագետի հարցերին, որը քեզ կզանգահարի ուղղորդելու նպատակով, 
  • նշանակված օրը այցելել բուժհաստատություն, որտեղ քեզ կսպասարկեն, և կվճարի ապահովագրական ընկերությունը՝ ըստ փաթեթի սահմանաչափի։ 

Առանց ապահովագրական ընկերություն զանգահարելու նույնպես կարող ես դիմել բուժհաստատություն․ այս դեպքում դու ինքդ կվճարես ստացված ծառայությունների համար։ Այնուհետև վճարման անդորրագրերն ու բժիշկների կողմից տրված ցուցումները կներկայացնես ապահովագրական ընկերությանը, որը կորոշի փոխհատուցել կատարված ծախսերը կամ ոչ։

Սովորաբար պահանջվում է ծախսերի փոխհատուցման փաստաթղթերը ուղարկել ապահովագրական ընկերությունների էլեկտրոնային հասցեին։

Անհրաժեշտ է նախապես ճշգրտել՝ քանի օրվա ընթացքում կարող ես ներկայացնել նշված փաստաթղթերը, քանի որ կան սահմանված ժամկետներ։

Այս նույն եղանակով պետք է դիմես բուժհաստատություն նաև այն դեպքում, երբ այն չի համագործակցում քո ապահովագրական ընկերության հետ։

Փոխհատուցման գումարը կփոխանցվի քո տրամադրած բանկային հաշվեհամարին։ 

Սոցիալական փաթեթը պետության կողմից որոշակի ոլորտի աշխատողների տրվող հնարավորություն է՝ հետևյալ ծառայություններից օգտվելու համար․ 

  • առողջապահություն,
  • ՀՀ-ում հանգստի ապահովում,
  • հիպոթեքային վարկի մարում,
  • ուսման համար վճարում։ 


Սոցիալական փաթեթի համար հատկացվող գումարն անկանխիկ գումար է, որը փոխանցվում է աշխատողի անվամբ, ամսական 6,000 ՀՀ դրամ սահամանչափով, հատուկ այդ նպատակով բանկում բացված հաշվին։ Ընդ որում՝ գումարը սկսում է կուտակվել տվյալ աշխատանքի վայրում 6 ամիս անընդմեջ աշխատելուց հետո։ 

Սոցիալական փաթեթը հատկացվում է ՀՀ պետական մարմինների և կրթության, մշակույթի, գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցներին՝ բացառությամբ․

  • Կենտրոնական բանկի,
  • Երևանի քաղաքապետարանի,
  • տեղական ինքնակառավարման մարմինների։ 

Երևանի «Շտապ բուժօգնության» ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողները նույնպես ընդգրկված են սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:

 

Շահառուի հետ սոցիալական փաթեթից կարող են օգտվել նաև նրա ընտանիքի անմիջական անդամները՝ ամուսինն ու երեխաները։ 

Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել՝

  • հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից՝ աշխատողը և նրա ամուսինը.
  • ուսման վճարից՝ աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
  • հանգստի ապահովման ծառայությունից՝ աշխատողը և նրա անմիջական ընտանիքի անդամը (անդամները):

Սոցիալական փաթեթի բաղադրիչներից է տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունը։ Դա պարտադիր պայման է, և առանց այդ քննությունը կատարելու փաթեթի մյուս բաղադրիչներից հնարավոր չէ օգտվել։    


Այս քննության շրջանակում իրականացվում են հիմնականում պետական պատվերով մատուցվող սքրինինգային հետազոտությունները, իսկ արդյունքում ցուցված մյուս մասնագիտական խորհրդատվություններն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները հատուցվում են ըստ փաթեթով նախատեսված կարգի։  

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման։

Էլեկտրոնային դեղատոմս

Էլեկտրոնային դեղատոմսը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի միջոցով բժշկի կողմից էլեկտրոնային եղանակով դեղերի նշանակումն ու հաստատումն է։

Հաստատված դեղատոմսը առցանց հասանելի է ինչպես պացիենտի ԱՐՄԵԴ համակարգում (բջջային հավելված), այնպես էլ ՀՀ-ում գրանցված ցանկացած դեղատան համակարգում։

Դեղերը դուրս են գրվում Էլեկտրոնային դեղատոմսով, եթե դրանք՝

  • տրամադրվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով,
  • ունեն համակարգային ազդեցություն (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր),
  • համարվում են հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային,
  • պարունակում են իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, հորմոններ և միզոպրոստոլ:

Այս դեղերի առավել մանրամասն ցանկը կարող եք գտնել ՀՀ կառավարության 2019 թվականի N 1080-Ն որոշման մեջ։ 

 

Պացիենտը կամ նրա կողմից լիազորված անձը (պացիենտի կողմից տրված գրավոր համաձայնություն) կարող է դիմել դեղատուն և ստանալ դեղորայքը` առանց ավելորդ թղթաբանության:


Եթե լիազորված անձը շարունակելու է հետագայում ևս գնել դեղորայքը, բժիշկը նրա անունը մուտքագրում է էլեկտրոնային համակարգ։

Էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղը ձեռք բերելու համար քաղաքացիները կամ նրանց կողմից լիազորված անձը կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`

  • անձնագիր,

  • նույնականացման քարտ,

  • կամ հանրային ծառայության համարանիշ (ՀԾՀ):

Կախված էլեկտրոնային դեղատոմսի տեսակից՝ դեղերը կարող ես ձեռք բերել՝ 

  • 30 օրում, եթե ըստ դեղատոմսի այն պետք է մեկ անգամ օգտագործես (միանվագ բացթողման դեղատոմսի դեպքում), 

  • 180 օրում, եթե ըստ դեղատոմսի այն պետք է պարբերաբար օգտագործես (բազմակի բացթողման դեղատոմսի դեպքում)։ 


Բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ դեղերի ողջ քանակը կարող ես ձեռք բերել միանգամից կամ մաս առ մաս։ 

Ոչ։ Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և ենթարկվի դինամիկ հսկողության:

Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և միանգամից 180 օրվա համար դուրս է գրվում բազմակի բացթողման դեղատոմսով:

Բժիշկը կարող է  նշանակել դեղորայքը 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ՝ պացիենտի առողջական վիճակի հսկողության նպատակով։ 

Անհետաձգելի կամ սիմպտոմատիկ բուժման դեղերը դեղատոմսով չեն նշանակվում:

Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից և անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են:

Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է և նշանակում է հակաբիոտիկ:

Այո։ Հնարավոր է։

Դրա համար նշվում են պացիենտի անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն  ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղորայքը:

Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման։

Պացիենտի իրավունքներն ու պարտականությունները

Յուրաքանչյուր անձ բուժօգնություն ստանալիս իրավունք ունի տեղեկացված լինելու իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված բուժօգնության արդյունքի և ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ անգործունակ ճանաչված անձի դեպքում այդ տվյալները անձին տրամադրվում են, եթե բժշկի կարծիքով նա ի վիճակի է գնահատել իր առողջական վիճակը։

Յուրաքանչյուր երեխա պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի։

18 տարին լրացած երեխաները իրավունք ունեն բժշկական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր համաձայնություն տալու։ 

Յուրաքանչյուր անձ (նրա օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն։ 

Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է նրա բժշկական փաստաթղթերում։ 

Այո։ Առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են՝

  • կյանքին սպառնացող վտանգի դեպքում,
  • շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների դեպքում։ 

Յուրաքանչյուրը բուժօգնություն ստանալիս պարտավոր է՝

  • բուժաշխատողին տրամադրել իր առողջության, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ հիվանդ լինելու դեպքում՝ նաև իր հետ շփված անձանց, նախկինում ստացած բուժօգնության վերաբերյալ իրեն հայտնի ամբողջական տեղեկատվությունը, 
  • պահպանել բուժաշխատողի սահմանած բուժման կարգը,
  • հարգել այլ պացիենտների և բուժաշխատողների իրավունքները:

Հայաստանում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, միջոցների կիրառում և կենսաբժշկական հետազոտությունների անցկացում, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։

Մարդկանց բուժման նպատակով նախատեսված հետազոտությունները և փորձարկումները կարող են իրականացվել միայն նրանց տված գրավոր համաձայնության դեպքում: 

Յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվելու հետազոտությանը կամ փորձարկմանը մասնակցելուց։ 

Ոչ։ Հայաստանում արգելված է Էվթանազիան՝ հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ, անգործությամբ և միջոցներով:

Այն անձինք, որոնք պացիենտին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, ենթակա են իրավական պատասխանատվության։ 

Պետական աջակցության ծրագրեր

Առողջական տարբեր խնդիրների լուծման ընթացքում դու կարող ես դիմել տվյալ ոլորտում նախաձեռնված պետական աջակցության ծրագրերին, որոնց նպատակն է բնակչության որոշակի խմբերի առողջությանը հետևելու և բուժօգնություն  ստանալու գործընթացն ավելի հասանելի դարձնելը։ 

Այս էջը օգտակա՞ր էր