ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն

Աջակցության այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում (պետական պատվեր) տրամադրվում է գինեկոլոգիական և մանկաբարձական սպասարկում կանանց կոնսուլտացիաներում և առողջության կենտրոններում։

Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է բժշկական օգնության այն տեսակները, որոնց իրականացումը չի պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում (այդ թվում` տնային կանչը)։ Այն ընդգրկում է կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տրամադրման տևողությունը
Սահմանված չէ
Մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է Ֆիզիկապես այցելել տեղամասային բժշկական հաստատության մանկաբարձ-գինեկոլոգին (գյուղական վայրերում՝ նաև ընտանեկան բժշկին, մանկաբարձուհուն կամ վերապատրաստված բուժքրոջը)։  

Նախնական զննումից հետո ծառայության մատուցման տարբեր փուլերում կընդգրկվեն նաև այլ մասնագետներ, և կկազմակերպվի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման գործընթացը:

Ծրագրի մասին 

Աջակցության շրջանակում տրամադրվում են բժշկական օգնության ու սպասարկման հետևյալ տեսակները․  

  • հղիության նախածննդյան և հետծննդյան հսկողություն (այդ թվում՝ բարձր ռիսկի խմբի հղիներ և ծննդկաններ),
  • գինեկոլոգիական կանխարգելիչ հետազոտում ու բուժում՝ առանց այցերի թվի սահմանափակման,
  • դեղերի տրամադրում,
  • տվյալ տարվա ընթացքում տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ դիմած կանանց կրծքագեղձերի կանխարգելիչ զննում, գինեկոլոգիական զննում, բժշկական ցուցումների դեպքում` ուլտրաձայնային և այլ հետազոտություններ,
  • առաջին անգամ դիմած 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի պարտադիր քննություն, բժշկական ցուցումների առկայության դեպքում` կոլպոսկոպիա և բիոպսիա,
  • նախադաշտանային և հետդաշտանադադարային տարիքի կանանց խորհրդատվության տրամադրում, գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացում,
  • դեռահաս աղջիկների ֆիզիկական և սեռական հասունացման գնահատում և հետազոտություններ։

Ներկայացվող պահանջները

Աջակցությունից կարող են օգտվել․

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք, դեռահաս աղջիկները,
  • ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի կանայք,
  • օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող կանայք,
  • ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք։

Պահանջվող փաստաթղթերը

Մանկաբարձական և գինեկոլոգիական արտահիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), իսկ բացակայության դեպքում՝ ՀԾՀ-ի մասին տեղեկանք։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2020 թվականի հունվարի 22-ի թիվ N 198-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել ՀՀ առողջապահության նախարարության՝ moh.am կայքում։  

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03

Թեժ գիծ՝

8003

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր