ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ստանալ տեղեկատվություն պետական մարմիններից

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և դա ստանալու նպատակով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինող մարմնին, այդ թվում՝ պետական կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական հիմնարկներին, պետական և տեղական բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպություններին, հանրային նշանակության կազմակերպություններին, պաշտոնատար անձանց:

Տեղեկատվություն հնարավոր է ստանալ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիմումի հիման վրա։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
5-30 օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝

  • այցելել e-request.am,
  • սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով, 
  • նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
  • մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
  • ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։


Հարթակում գրանցվելուց հետո տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
  • սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
  • բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,
  • ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ», կամ որպես կազմակերպություն դիմելու դեպքում՝ «Իրավաբանական անձ»,
  • բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված հարցումը,
  • մուտքագրել հարցումը՝ հստակ ձևակերպելով անհրաժեշտ տեղեկատվությունը,
  • եթե փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն կա, սեղմել «Կցել ֆայլ» կոճակը, եթե ոչ, սեղմել «Առաջ» կոճակը։

Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Եթե հարցվող տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին տրամադրվում է հարցումը ստանալուց հետո մինչև 5-օրյա ժամկետում։
  • Եթե հարցվող տեղեկությունը հրապարակված է, ապա հարցումը ստանալուց հետո մինչև 5-օրյա ժամկետում դիմողը տեղեկացվում է, թե երբ և որտեղ է հրապարակվել այդ տեղեկատվությունը։
  • Եթե հարցվող տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Այդ մասին հարցումն ստանալուց հետո մինչև 5-օրյա ժամկետում էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։


Հարցմանը պատասխան չի տրվում, եթե․

  • պարզվում է, որ դիմողի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
  • դիմումը նույն անձի կողմից նույն տեղեկությունն ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացվում է երկրորդ անգամ։

Ուշադրություն

  • Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
  • Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմնում կամ դատարանում կամ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։


Վճարման չափը և կարգը

 Տեղեկության տրամադրումը անվճար է հետևյալ դեպքերում.

  • բանավոր հարցումներին պատասխանելիս,
  • մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս,
  • տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս,
  • տեղեկությունների տրամադրման մասին գրավոր հարցումներին պատասխանելիս, որոնց հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
  • տեղեկության տրամադրումը մերժելիս։
  • Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունը ստացած անձի հարցման հիման վրա ևս պարտավոր է անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

Տեղեկատվության վճարման համար անհրաժեշտություն կարող է առաջանալ կոնկրետ դեպքերում։ Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը։


Հղում օրենսդրությանը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
Տեղեկություն տնօրինող մարմին
Այս էջը օգտակա՞ր էր