Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր արտասահմանում
ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անկախ տարիքից։ Անձնագիրն անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ-ից դուրս գալու և ՀՀ վերադառնալու, ինչպես նաև ՀՀ տարածքում օգտագործելու համար։
Արտասահմանում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով, իսկ դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում՝ տեսակապով նույնականացվելով։
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։
Տեսակապով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է նախապես էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել vid@mfa.am էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում լատինատառ գրելով դիմողի անունը, ազգանունը և անձնագրի համարը։
Նամակի տեքստում անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը․
- դիմողի անունը, ազգանունը և հայրանունը,
- ծննդյան ամսաթիվը,
- անձնագրի համարը,
- բջջային հեռախոսահամարը,
- գտնվելու վայրը (երկիր, մարզ, քաղաք),
- կցել անձնագրի պատճենը կամ լուսանկարը, իսկ առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անչափահասի դեպքում՝ ծննդյան վկայականը և ծնողների անձնագրերի պատճենները կամ լուսանկարները,
- տեսակապով զանգ իրականացնելու հարմար օրերն ու ժամային միջակայքը՝ նշելով ժամային գոտին։
Տեսակապով նույնականացվելուց հետո անհրաժեշտ է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում:
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝
- դիմում անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
- արական սեռի քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա բոլոր էջի պատճենները, տեղեկանք զինվորական հաշվառման մասին կամ տարկետման մասին փաստաթուղթը և դրա պատճենը,
- պետական տուրքի վճարման անոդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Տեսակապով դիմելու դեպքում անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Անհրաժեշտ է նաև վճարել անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքման ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 դրամ՝ կախված երկրից։ Փոստային առաքման վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Հնարավոր է նաև անձնագիրը դիմողին ուղարկել լիազորված անձի միջոցով։ Այս դեպքում փոստային առքման համար վճարելու կարիք չի լինի։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման միջոցով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։
Անձնագիրը լիազորված անձի միջոցով ստանալու դեպքում արտասահմանում գտնվող քաղաքացին լրացնում է լիազորագիր, որի միջոցով լիազորված անձը Արտաքին գործերի նախարարությունից ստանում է դիմողի՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և այն ուղարկում դիմողին:
Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11