Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսերի փոխհատուցում
ՀՀ պետական բյուջեի միջոցներից դրամական օժանդակություն է տրամադրվում որոշակի հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում աշխատող մանկավարժներին, ինչպես նաև՝ այն աշակերտներին, ովքեր ստիպված են հաճախել այլ բնակավայրերի դպրոցներ՝ իրենց բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայության պատճառով։ Այս օժանդակությունը նախատեսված է փոխհատուցելու նրանց տրանսպորտային ծախսերը:
Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները դիմում են ներկայացնում մարզպետարաններ՝ իրենց ուսումնական հաստատությունում դասավանդող մանկավարժների և սովորող աշակերտների համար։
Ծրագրի մասին
Աջակցության ծրագրի նպատակն է՝
- ապահովել պայմաններ միջնակարգ կրթություն ստանալու համար բոլոր այն երեխաների համար, որոնց բնակավայրում առկա չէ տվյալ կրթական աստիճանում ծառայություններ տրամադրող ուսումնական հաստատություն,
- ապահովել այն մանկավարժների տրանսպորտային ծառայության փոխհատուցումը, որոնք տվյալ բնակավայրի բնակիչ չեն, և առանց նրանց ներգրավվածության՝ տվյալ առարկաների դասավանդումը չի կարող իրականացվել։
Ներկայացվող պահանջները
Փոխհատուցումը տրվում է ՀՀ մարզերում գտնվող ուսումնական հաստատությունների այն ուսուցիչներին, զինղեկերին, ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին, ովքեր․
- աշխատում են իրենց բնակավայրից տարբեր վայրում,
- այդ վայրը գտնվում է իրենց բնակավայրից 5 կմ-ից ավելի հեռու,
- ունեն առնվազն 0.5 հաստիքային դրույք։
Փոխհատուցումը տրվում է դպրոցահասակ երեխաների, ովքեր՝
- հաճախում են այլ բնակավայրի դպրոց, քանի որ իրենց բնակավայրում չկա համապատասխան դպրոց,
- կամ իրենց բնակավայրի դպրոցում չկա անհրաժեշտ կրթական ծրագիր (օրինակ՝ լեզվային առանձնահատկություններով կամ հոսքային ուղղվածությամբ)։
Բացառություն
Փոխհատուցում չի տրամադրվում այն հաստատություններին, որոնք՝
- ունեն սեփական տրանսպորտային միջոցներ աշակերտների և/կամ մանկավարժների տեղափոխման համար,
- արդեն ստանում են պետական բյուջեից փոխհատուցում վառելիքի, վարորդի աշխատավարձի կամ այլ տրանսպորտային ծախսերի համար։
Պահանջվող տեղեկատվությունը
Աջակցության ծրագրին դիմելու համար ուսումնական հաստատությունները մինչև սեպտեմբերի 20-ը՝ տվյալ տարվա ընթացքում մարզպետարաններ պետք է ներկայացնեն փոխհատուցում ստացող անձանց մասին ճշտված տեղեկատվություն․
- աշակերտի և մանկավարժի անունը, ազգանունը,
- աշակերտի դասարանը,
- ուսուցչի դրույքը,
- աշակերտի և ուսուցչի փաստացի բնակության վայրը,
- հեռավորությունը հաստատությունից (կմ)
- հաշվարկված գումարը (հաշվարկված 2 ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար),
- ուսումնական պլանով հաստատված օրերի թիվը,
- դասավանդման օրերի քանակը,
- փոխհատուցման ենթակա գումարը
- և այլ նշումներ (անհրաժեշտության դեպքում)։
Աջակցության չափը
Մանկավարժների և աշակերտների տրանսպորտային ծախսերի ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել 20,200 ՀՀ դրամը։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Մարզպետարանները 5 օրվա ընթացքում ամփոփում և ուղարկում են ուսումնական հաստատության կողմից տրամադրված տեղակատվությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
- Նախարարության հանրակրթության վարչությունը 1 շաբաթվա ընթացքում ուսումնասիրում է տվյալները և ներկայացնում վերջնական ցուցակները ֆինանսաբյուջետային բաժին։
- Ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է ցուցակները։ Եթե առարկություններ չկան, նախապատրաստում է պայմանագրերը։ Եթե կան առարկություններ, ապա նախարարության ենթակա հաստատությունները 3 օրվա ընթացքում մշակում են ցուցակները և կրկին հանձնում մարզպետարաններին։
- Փոխհատուցումը տրամադրում են ՀՀ մարզպետարանները՝ եռամսյակային կտրվածքով։
Հղում օրենսդրությանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43