Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու համար տրվող աջակցություն
Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքում երեխա ծնվելիս տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է վարկի մայր գումարի մարմանը։
Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։
Իսկ եթե հիպոթեքային վարկը տրամադրվել է ցանկում չներառված բանկի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում ստորև նկարագրված եղանակով։
Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել հիպոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝
- շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
- շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ),
- ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ) գինը առավելագույնը 35 մլն դրամ է, որը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
- ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը շահառուին և նրա ամուսնուն (եթե ամուսնությունը գրանցված է) անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50% և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքն է,
- դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
- վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
- անշարժ գույքի սեփականության վկայական,
- գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։
Աջակցության չափը
Երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝
- վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե ծնվողը շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
- վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե ծնվողը շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
- աջակցությունն ավելացվում է 50% չափով, եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տունը կառուցվել/կառուցվում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ,
- միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է` ըստ ծնված երեխաների թվի։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է շահառուի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ ավտոմատ կերպով տեղեկություններ ստանալով երեխա-ծնող կապի, երեխայի կենդանի լինելու, ամուսնության կարգավիճակի և շահառուի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին: Ստուգումն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Նախարարությունը որոշում է կայացնում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին: Այնուհետև 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին ֆինանսական կազմակերպությանը (բանկ) և շահառուին:
- Հիփոթեքի պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 10 օրվա ընթացքում փոխանցում է գումարը կազմակերպության հաշվին: Անհատական տուն կառուցելու դեպքում գումարը փոխանցվում է վարկը տրամադրելուց հետո: Գումարի փոխանցման մասին նախարարությունը տեղեկացնում է շահառուին էլեկտրոնային փոստով:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
09:00-18:00
(+374) 010 56-53-83