Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ մարզերում կառուցապատման ավարտական ակտը
Ավարտական ակտը հաստատում է շինարարական աշխատանքների ավարտը՝ համաձայն նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության: Այն ներառում է Շահագործման թույլտվությունը, որը հավաստում է օբյեկտի շահագործման իրավունքը:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
ՀՀ մարզերում (առայժմ միայն Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Լոռու մարզերն են սպասարկվում) ընդգրկված անշարժ գույքի ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ստացման համար անհրաժեշտ է․
- անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- դիմորդի էջում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- ընտրել ավարտական ակտի ստացման ենթակա գույքը,
- հերթականությամբ լրացնել անհրաժեշտ տվյալները և հանձնել դիմումը։
Ներկայացվող պահանջները
Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է․
- նախապես վճարել սահմանված պետական վճարները,
- ստանալ ընդունող հանձնաժողովի ակտը՝ ստորագրված հանձնաժողովի բոլոր անդամների կողմից,
- ունենալ շինության սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Կառուցապատման ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ ֆիզիկական անձի դեպքում (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
- ընդունող հանձնաժողովի ակտը,
- կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը,
- ավարտական ակտի և շահագործման թույլտվության ձևակերպման համար վճարումների անդորրագրերի բնօրինակները:
Վճարման չափը և կարգը
Կառուցապատման ավարտական ակտի համար նախատեսված են տեղական տուրքեր, որոնք չափը ՀՀ մարզերում որոշում է համայնքի ավագանին։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Կառուցապատման ավարտական ակտը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
- Որոշ դեպքերում հնարավոր է կառուցապատման ավարտական ակտը համայնքապետարանի կողմից տրամադրվի 1-3 ամսվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- ՀՀ Երևան քաղաքի ավագանու՝ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։