ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս հետ ստանալ հիպոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկը

Բնակարան ձեռք բերելու դեպքում, երբ գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը, հնարավոր է հետ ստանալ վճարված եկամտային հարկը՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարների չափով։ 

Այս ուղեցույցում ներկայացված են եկամտային հարկի վերադարձի մասին բոլոր մանրամասներն ու ընթացակարգերը։ 

 

Եկամտային հարկի վերադարձի դեպքերը

Եկամտային հարկի վերադարձը ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից է՝ ուղղված բնակարանի ձեռքբերմանը կամ կառուցմանը։

Ըստ այս ծրագրի՝ երբ անձը գնում է բնակարան, իր աշխատավարձից վճարված եկամտային հարկի գումարները վերադարձվում են իրեն՝ հիպոթեքային վարկի տոկոսների մարումների չափով։

 

Եկամտային հարկի վերադարձի ծրագրից կարող են օգտվել վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ովքեր անձամբ կամ հարկային գործակալի միջոցով (գործատու) ՀՀ բյուջե են վճարում եկամտային հարկ։ 

Ընդ որում՝ անհատ ձեռնարկատերերը և նոտարները կարող են օգտվել այս ծրագրից, եթե հիպոթեքային վարկի պայմանագիրը կնքել են որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար։ 

Եկամտա­յին հարկը հետ ստանալու համար բնակարանը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝ 

  • անմիջապես կառուցապատողից ձեռք բերվող կամ կառուցվող անհատական բնակելի տունը պետք է գտնվի ՀՀ տարածքում,
  • գործարքի պայմանագրային արժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը,
  • բնակարանը պետք է գտնվի օրենքով սահմանված 1-4-րդ գոտիներում։

Ընդ որում՝ վարկառուն և համավարկառուն եկամտային հարկի վերադարձից կարող են օգտվել միայն 1 հիպոթեքային վարկի պայմանագրից։ 

Համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չպետք է գերազանցի 1.5 մլն դրամը։ 

2025 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նվազեցնել չափը՝ դարձնելով այն 750,000 ՀՀ դրամ։ 

Եթե շինթույլտվությունը ձեռք է բերվել 2022 թվականի հունվարի 1-ից հետո, ապա եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը 4-րդ և բարձր գոտիներում ձեռք բերված բնակարանների համար։

Առա­ջին գոտի` Փոքր կենտրոն, երկրորդ գոտի՝ Կենտրոն վարչական շրջանի մնացած տարածքները և Արաբկիր վարչական շրջանից մի հատված, երրորդ գոտի՝ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի մասը, Էրեբունի վարչական շրջանի՝ Կենտրոնին հարող հատվածը, չորրորդ և ավելի բարձր գոտիներ՝ բոլոր այն տարածքները, որոնք ներառված չեն 1-3-րդ գոտիներում։ 

Ուշադրություն
Գնվող բնակարանի գտնվելու վայրի հստակ գոտու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմել կառուցապատող ընկերության աշխատակցին։

2027թ․-ից եկամտային հարկի վերադարձի օրենքը չի գործելու 4 մարզում՝ Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, 2029թ․-ից դադարելու է գործել մյուս բոլոր մարզերում՝ բացառությամբ սահմանամերձ բնակավայրերի: 

Վերադարձվող եկամտային հարկի հաշվարկը

Վերադարձվող գումարը հաշվարկվում է եռամսյակային կտրվածքով հետևյալ կերպ`

  • նախ եռամյսակի համար հաշվարկվում է, թե հիպոթեքային վարկի տոկոսների մարման համար որքան գումար է վճարվել,
  • այնուհետև հաշվարկվում է, թե նույն եռամյսակի համար տվյալ անձի աշխատավարձից որքան եկամտային հարկ է վճարվել բյուջե (սոցիալական վճարը և կենսաթոշակը չեն հաշվարկվում որպես եկամտային հարկ),
  • ապա վերադարձվում է եկամտային հարկի գումարի այն մասը, որքան կազմել է  հիպոթեքային վարկի դիմաց վճարված տոկոսների չափը։ 
Ուշադրություն
Ամսական կտրվածքով վերադարձվող գումարի առավելագույն չափը մինչև 500,000 ՀՀ դրամ է, նույնիսկ եթե հիպոթեքի տոկոսների և եկամտային հարկի չափը ավելի բարձր են:

Օրինակ.
Հիպոթեքային վարկի ամսական վճարը 250,000 դրամ է, որից 200,000 դրամը տոկոսագումարն է։

Իսկ վճարվող եկամտային հարկի չափը աշխատավարձից ստացվում է ամսական 50,000 դրամ։ 

Այս դեպքում եռամսյակի համար կվերադարձվի 3x50,000 դրամ=150,000 դրամ: 


Ընդ որում՝

  • վարձու աշխատողներին վերադարձվում է ոչ ավելի, քան տվյալ եռամսյակի ընթացքում նրա աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարը,
  • անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին վերադարձվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում նրա աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարը։ 


Բանկի հետ կնքված հիպոթեքային վարկի պայմանագրում ներառված վճարման ժամանակացույցում ներկայացված է, թե ամսական կտրվածքով վճարվող գումարների որ մասն է տոկոսագումարը, և որ մասը՝ մայր գումարը։ 

Եկամտային հարկի վերադարձը

Առցանց դիմել հիպոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի վերադարձի համար
Սկսել

Այս հաղորդագրությունը համակարգում երևում է, երբ գործատուի կողմից եկամտային հարկը դեռևս չի վճարվել։

Եկամտային հարկը գործատուի կողմից վճարվում է մինչև տվյալ ամսվա 20-ը (եկամտային հարկը հնարավոր է ստանալ ապրիլի 20-ին, հուլիսի 20-ին, հոկտեմբերի 20-ին կամ հունվարի 20-ին ՝ կախված նրանից, թե որ եռամսյակի համար է տրվել դիմումը): 

Այո՛, կարելի է դիմել բաց թողնված ցանկացած ժամանակահատվածի եկամտային հարկի գումարը վերադարձնելու համար։ Դիմելու համար պարտադիր է, որ այդ ընթացքում կատարված լինեն հիպոթեքային վարկի և եկամտային հարկի վճարումները։ 

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից
Այս էջը օգտակա՞ր էր