Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները (օրինակ՝ Հայաստանը և Ռուսաստանը) ունեն միասնական մաքսային տարածք, որտեղ գործում են միասնական մաքսային կանոններ։ ԵԱՏՄ անդամ երկրների միջև մեքենա տեղափոխելիս մաքսատուրք չի գանձվում։
Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Հայաստան տրանսպորտային միջոց ներմուծելիս այն մաքսազերծելու համար ֆիզիկական անձինք վճարում են միայն բնապահպանական տուրք և ԱԱՀ։
Բոլոր հարկերի և տուրքերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացված է այս ուղեցույցում։
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա և մաքսազերծել այն
Ավտոմեքենա հնարավոր է գնել ինչպես ՀՀ շուկայից, այնպես էլ արտասահմանից։ Արտասահմանից ներմուծելու դեպքում այն անհրաժեշտ է մաքսազերծել, ինչի հաջորդական քայլերը ներկայացված են այս ուղեցույցում։
Ավտոմեքենան ներմուծելու հաջորդական քայլերը
Քայլ 1
Շուկայի ուսումնասիրություն
Նախ անհրաժեշտ է արտասահմանյան առցանց հարթակներում ուսումնասիրել ավտոմեքենաների տարբեր մակնիշները, գտնել ամենաարդյունավետ տարբերակները։
Քայլ 2
Բյուջեի սահմանում
Շուկայի մասին մոտավոր պատկերացում կազմելուց հետո անհրաժեշտ է պլանավորել բյուջեն, որը պետք է ներառի ինչպես ավտոմեքենայի գնման արժեքը, այնպես էլ դրա տեղափոխման, մաքսազերծման և հաշվառման հետ կապված ծախսերը։ Հաջորդական քայլերը ներկայացված են այս ուղեցույցում։
Քայլ 3
Ավտոմեքենայի ընտրություն և գնում
Ինքնուրույն կամ բրոքերային ընկերությունների օգնությամբ անհրաժեշտ է ընտրել ավտոմեքենան, վաճառողի հետ հստակեցնել վերջնական գինը, վճարման կարգը և կատարել փոխանցումը։
Քայլ 4
Ավտոմեքենայի ներմուծում և հայտարարագրում
ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն փաստաթղթերը ներկայացնելու, ավտոմեքենան մաքսազերծելու և սահմանված վճարումները կատարելու նպատակով անհրաժեշտ է ծանոթանալ այս ուղեցույցին և գործող օրենսդրության դրույթներին։
Մաքսազերծման քարտեզ
Ավտոմեքենայի ներմուծումը Հայաստան իրականացվում է թե՛ օդային, թե՛ ցամաքային, և թե՛ ծովային եղանակներով։ Ծովային ճանապարհով փոխադրվելիս ավտոմեքենան նախ հասնում է հարևան երկրներ, որտեղից էլ բեռնափոխադրող մեքենաներն այն հասցնում են Հայաստան։
Կարևոր է ճիշտ ընտրել բեռնափոխադրող ընկերությունը, քանի որ նրան բավականին արժեքավոր ապրանք է վստահվելու։ Ընտրությունը կատարելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել` արդյոք բեռնատարի թափքը բավարար վիճակում է, որպեսզի կարողանա անվնաս կերպով տեղ հասցնել ավտոմեքենան, արդյոք բեռնափոխադրողը բավականաչափ ամուր է տեղավորում մեքենան թափքի վրա և հուսալի ընթացք կապահովի ամբողջ ճանապարհին։
Հասնելով Հայաստան՝ ներմուծվող մեքենաները մաքսազերծվում են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, որը գտնվում է Գյումրիում։
Այն երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, գործում են մեքենայի մաքսազերծման այլ պայմաններ։
Օրինակ՝ Վրաստանից տրանսպորտային միջոց ներմուծելու համար անհրաժեշտ է վճարել ԵԱՏՄ կողմից երրորդ երկրների համար սահմանված մաքսատուրքերը։
Մաքսազերծման փուլերը
Ավտոմեքենայի մաքսազերծումը բաղկացած է 6 փուլից՝
-
մուտք մաքսային հսկողության տարածք,
-
նախնական զննում մաքսային տեսուչի կողմից,
-
ձևակերպում,
-
վճարում,
-
գանձումների համակարգում,
-
բացթողում։
Ավտոմեքենայի մաքսազերծումը ֆիզիկական անձանց դեպքում
Ավտոմեքենան մուտք է գործում մաքսային տարածք ինչպես բեռափոխադրող ընկերությունների բեռանատարների միջոցով, այնպես էլ ինքնաշարժ եղանակով:
Մաքսային տարածք մուտք գործելուց հետո մաքսային տեսուչը լրացնում է տարանցման հայտարարագիրը, որում նշվում են ավտոմեքենայի և փոխադրողի տվյալները։
Ավտոմեքենայի տարանցման հայտարարագիրը լրացնելուց հետո մաքսային տեսուչը կատարում է տրանսպորտային միջոցի նախնական զննում և հանձնում լրացված հայտարարագիրը։
Այս փուլում ստուգվում է նաև ներկրված տրանսպորտայի միջոցի նույնականացման կոդը (VIN)։
Ձևակերպումը կատարվում է մաքսային ծառայողի կողմից։ Տրանսպորտային միջոց ներկրողը, տեղում վերցնելով հերթի կտրոն կամ նախապես ամրագրելով այց, անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանում է մաքսային ծառայողին, որը լրացնում է ուղևորային հատարարագիր և մաքսային մուտքի օրդեր (ՄՄՕ)։
Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Մաքսային ծառայողին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
անձը հաստատող փաստաթուղթ,
-
տարանցման հայտարարագիր, որը կլրացվի և կտրամադրվի մաքսային տեսուչի կողմից, երբ տրանսպորտային միջոցը մուտք գործի մաքսային հսկողության տարածք,
-
ավտոմեքենայի ձեռբերման հաշիվ-ապրանքագիր,
-
ապրանքատրանսպորտային բեռնագիր, որը լրացվում է մաքսային մարմնում, եթե ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք բեռանփոխադրող ընկերությունների կամ քարշակի միջոցով։ Եթե ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ մաքսային սահման ինքնաշարժ եղանակով, ապա ապրանքատրանսպորտային բեռնագիր ներկայացնելու կարիք չկա։
Առցանց հաշվել ավտոմեքենայի մաքսային վճարը
Ի՞նչ փաստաթղթեր են լրացվում ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
- Ուղևորային հայտարարագիր
Ուղևորային հայտարարագրում լրացվում են տրանսպորտային միջոցի տվյալները՝ տարեթիվ, մակնիշ, առք ու վաճառքը հավաստող անդորրագրեր։ Եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդի միջոցով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև աճուրդի մասնակցության տվյալները, օրինակ՝ աճուրդի կայքից գնված ավտոմեքենայի լուսանկարները՝ տպված տարբերակով։
- Մաքսային մուտքի օրդեր (ՄՄՕ)
Մաքսային մուտքի օրդերը տրանսպորտային միջոցի ձևակերպման ֆինանսական մասն է։ Այս գործընթացում մաքսային ծառայողը հաշվարկում է մաքսային վճարները, որոնց չափերը կախված են ավտոմեքենայի արտադրման տարեթվից, շարժիչի ծավալից
Ի՞նչ վճարումներ են կատարվում ավտոմեքենան մաքսազերծելիս
Մաքսային ծառայողը մաքսային մուտքի օրդերը լրացնելուց հետո կտեղեկացնի, թե որքան է ավտոտրանսպորտային միջոցի մաքսավճարների չափը։ Կփոխանցի մաքսային մուտքի օրդերը, ինչից հետո անհրաժեշտ է մոտենալ մաքսատան տարածքում գործող բանկ և կատարել անհրաժեշտ վճարումները։
Մասնավորապես․
Մաքսային հարկը պարտադիր վճար է, որի չափը կախված է ներմուծված ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։
Եթե մեքենան Հայաստանի տարածք է ներմուծվել ԵԱՏՄ անդամ երկրներից, ապա մաքսային հարկ վճարելու կարիք չկա։
ԵԱՏՄ անդամ պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
Սա պետական բյուջե վճարվող հարկ է, որն ուղղված է շրջակա միջավայրի պահպանմանը, քանի որ մեքենան շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր է։
Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։
Ուշադրություն
2020 թվականից հետո արտադրված ավտոմեքենաների համար բնապահպանական հարկ չի վճարվում։
Ավտոմեքենա ներմուծելիս վճարվում է նաև ԱԱՀ, որի չափը կախված է ավտոմեքենայի գնից, արտադրման տարեթվից, շարժիչի հզորությունից և այլ հատկանիշներից։
Անհրաժեշտ է նաև վճարել պետական տուրքեր, որոնց չափը կհաշվարկի մաքսային տեսուչը։
Գանձումների համակարգում
Տեղում գործող բանկում անհրաժեշտ վճարումները կատարելուց և վճարման անդորրագրերը ստանալուց հետո անհրաժեշտ է դրանք ներկայացնել գանձումների համակարգման բաժին, որտեղ կստուգեն՝ արդյոք վճարումները ճիշտ են կատարվել և պատշաճ կերպով փոխանցվել են ճիշտ հաշվեհամարներին։
Ավտոմեքենայի բացթողում
Գանձումների համակարգում վճարումների ստուգումից հետո անհրաժեշտ է տեղում հերթի կտրոն վերցնել կամ առցանց այց ամրագրել և վճարման անդորրագրերով ներկայանալ ավտոմեքենայի բացթողման գործընթացն իրականացնող տեսուչի մոտ, որն էլ իր հերթին կատարված անհրաժեշտ գործարքները ստուգելուց հետո կտրամադրի ավտոմեքենայի ժամանակավոր համարանիշ, եթե ավտոմեքենայի հաշվառումը կատարվելու է ավելի ուշ։
Տրված համարանիշն ունենալու է 15-օրյա ժամկետ, և սահմանված ժամկետներում ավտոմեքենայի հաշվառումը չկատարելու դեպքում սահմանված է 20,000 ՀՀ դրամ տուգանք։
Այս գործողությունները կատարելուց հետո անհրաժեշտ է մոտենալ տրանսպորտային միջոցների հատուկ ավտոկայանատեղի, որտեղ կայանված են ներմուծված ավտոմեքենաները։
Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար
Ավտոմեքենայի մաքսազերծումը իրավաբանական անձանց դեպքում
Իրավաբանական անձը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նախապես՝ առցանց եղանակով։ Այնուհետև, երբ տրանսպորտային միջոցը հասնում է Հայաստան, ներկրող կողմը ներկայանում է մաքսատուն հետագա գործարքներն իրականացնելու համար։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
-
անձնագիր,
-
ապրանքների հայտարարագիր, որում լրացվում են տրանսպորտային միջոցի տվյալները՝ տարեթիվ, մակնիշ, առք ու վաճառքը հավաստող անդորրագրեր,
-
աճուրդի մասնակցությունը հաստատող փաստաթղթեր, եթե մեքենան ձեռք է բերվել աճուրդով,
-
ավտոմեքենայի ձեռբերման հաշիվ-ապրանքագիր,
-
ապրանքատրանսպորտային բեռնագիր, եթե ավտոմեքենան մուտք է գործելու ՀՀ տարածք բեռանփոխադրող ընկերությունների կամ քարշակի միջոցով,
-
մաքսային մուտքի օրդեր,
-
այլ ծախսեր (օրինակ՝ բեռնափոխադրման ծախսեր) հաստատող փաստաթղթեր։
Իրավաբանական անձը ավտոտրանսպորտային միջոցի մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես ներկայացնում է առցանց եղանակով՝ trade.gov.am հարթակի միջոցով։
Երբ մեքենան ժամանանում է Հայաստան, ներմուծող կողմը նախապես այց է ամրագրում մաքսազերծման ձևակերպման գործընթացը սկսելու համար։
Մաքսային տեսուչը ստուգում է trade.gov.am հարթակի միջոցով ներկայացված փաստաթղթերի լրիվությունն ու ճշտությունը, հաշվարկում է տրանսպորտային միջոցի մաքսազերծման վճարը և ուղղորդում է իրավաբանական անձին կատարելու անհրաժեշտ վճարումները։
Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի մաքսազերծումը ձևակերպելու համար
Առցանց հաշվել տրանսպորտային միջոցի մաքսային վճարը իրավաբանական անձանց դեպքում
Մաքսազերծման վճարումները կատարելուց հետո իրավաբանական անձը մոտենում է մաքսատան տարածքում գործող գանձումների համակարգման հատուկ բաժին, որտեղ մասնագետները վճարումները ստուգելուց հետո ներկրող անձին ուղղորդում են կատարելու մաքսազերծման վերջին քայլը՝ ավտոմեքենայի բացթողումը։
Ավտոմեքենայի բացթողումը կատարելու համար հնարավոր է տեղում հերթի կտրոն վերցնել կամ նախապես առցանց հերթագրվել մաքսազերծման ձևակերպման գործընթացին։
Առցանց ամրագրել այց ավտոմեքենայի բացթողման համար
Հերթի կտրոնով անհրաժեշտ է մոտենալ բացթողման գործընթացն իրականացնող տեսուչին, ով ևս մեկ անգամ կստուգի կատարված վճարումները և կտրամադրի ավտոմեքենայի ժամանակավոր համարանիշ։
Գյումրու Հյուսիսային մաքսատանը հնարավոր է ներմուծված ավտոմեքենան նաև հաշվառել՝ խնայելով ժամանակը։ Մաքսազերծումից հետո հաշվառման գործընթացը իրականացնելու համար այցի ամրագրում չի պահանջվում․ պարզապես անհրաժեշտ է ավտոմեքենայի բացթողումը ձևակերպող մաքսային տեսուչին տեղեկացնել ավտոմեքենան հաշվառելու ցանկության մասին, և տեսուչը կուղղորդի՝ կատարելու անհրաժեշտ քայլերը։
Կայանումը մաքսատան տարածքում
Ներմուծված ավտոմեքենան հնարավոր է թողնել մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում 4 ամիս։ Յուրաքանչյուր օրվա համար ավտոմեքենայի ժամանակավոր պահպանման համար անհրաժեշտ է կատարել կայանման վճար, որի չափը կախված է ավտոմեքենայի քաշից։ Մինչև 1 տոննա քաշ ունեցող տրանսպորտային միջոցի համար սահմանված է օրական 1,000 դրամ կայանման վճար, իսկ հաջորդող ամեն տոննայի համար վճարն ավելանում է 300 դրամով։
Եթե 4 ամսվա ընթացքում տրանսպորտային միջոցը չմաքսազերծվի, և այդ ընթացքում ավտոմեքենան կայանված մնա մաքսատան հատուկ ավտոկայանատեղիում, ապա անհրաժեշտ կլինի վճարել 50,000 դրամ տուգանք։