ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ Հայաստան վերադառնալու վկայական

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել կամ գողացվել է, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի կամ ընդհանրապես չի տրամադրվել։

ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ առցանց այցի ամրագրմամբ, ինչպես նաև դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում տեսակապով նույնականացվելով։

Ծառայությունը որոշ երկրներում հասանելի է տեսակապով՝ նախապես հայտ ուղարկելու միջոցով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
45,000 դրամ
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ այնպիսի հեռավոր վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա նա կարող է տեսակապով դիմել ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար։

Տեսակապով վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է նախապես էլեկտրոնային նամակի միջոցով հայտ ներկայացնել համապատասխան դեսպանություն կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն: Անհրաժեշտ է լրացնել հայտի ձևը և այն ուղարկել համապատասխան դեսպանության էլ․փոստի հասցեին կամ ՀՀ արտաքին գործերի նախարարության vid@mfa.am էլ․ փոստի հասցեին։


Դեսպանության կամ վարչության աշխատակիցը 2 օրվա ընթացքում էլեկտրոնային նամակի միջոցով անձին առաջարկում է տեսազանգն անցկացնելու օր և ժամ, տեղեկացնում անհրաժեշտ տեխնիկական պայմանների, պահանջվող փաստաթղթերի մասին։

Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։


Առկայության դեպքում ցանկալի է ներկայացնել նաև՝

  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի, կորած կամ գողացված ՀՀ սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթի (ՀՀ քաղաքացու անձնագիր, ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ) պատճենը,
  • տեղեկանք տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից՝ անձնագրի կորստի կամ գողության, կողոպուտի կամ այլ հանցագործության կամ որևէ աղետի հետևանքով անձնագիրը կորցնելու մասին։


Վճարման չափը և կարգը

Տեսակապի միջոցով վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է վճարել 45,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Անհրաժեշտ է նաև վճարել անհատական փոստային առաքման համար։ Վճարի չափը կարող է փոփոխվել՝ կախված երկրից։ Փոստային առաքման վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Անձին տեսակապով նույնականացնելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն վկայականի բնօրինակը փոստային առաքմամբ ուղարկում է դիմողի կողմից նշված օտարերկրյա պետության հասցեով։

ՀՀ վերադարձի վկայականն անվճար տալու դեպքերը

Վերադարձի վկայականն անվճար տրվում է՝

  • նախկինում ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած ՀՀ քաղաքացիներին,
  • 16 տարին չլրացած և 63 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին,
  • օտարերկրյա պետությունից վտարման ենթակա ՀՀ քաղաքացիներին,
  • այն անձանց, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար, սակայն դեռ չեն ստացել այն,
  • պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ մեկնող քաղաքացիներին,
  • բազմազավակ ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիներին (բազմազավակ են համարվում 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները),
  • առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ քաղաքացիներին,
  • ՀՀ դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա ՀՀ մեկնող կամ տեղափոխվող քաղաքացիներին,
  • օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված ՀՀ քաղաքացիներին,
  • հափշտակության կամ այլ հանցագործության, բնածին կամ տեխնածին աղետի, քաղաքական հուզումների կամ պատերազմական իրավիճակների արդյունքում ՀՀ քաղաքացու անձնագրից զրկված անձանց՝ տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում կամ եթե դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ,
  • ՀՀ այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության երկրում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր