Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Հաշվառել ավտոմեքենան
Ավտոմեքենան գնելուց, ներմուծելուց կամ վերասարքավորելուց հետո անհրաժեշտ է դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ դրա սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու համար։
Ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝
-
Այցելել www.roadpolice.am,
-
սեղմել «Տրանսպորտային միջոց» կոճակը, որը գտնվում է էկրանի կենտրոնում,
-
բացված պատուհանի առաջին դաշտում ընտրել հերթագրման համար նախընտրելի հաշվառման քննական բաժինը (ՀՔԲ)՝ անկախ նրանից, թե դիմողը ՀՀ-ում որտեղ է հաշվառված,
-
ընտրել «Զննություն չպահանջող» դաշտը, եթե ավտոմեքենան ՀՀ-ում արդեն հաշվառված է և չի վերասարքավորվել,
-
ընտրել «Զննություն պահանջող» դաշտը, եթե ավտոմեքենան ՀՀ-ում առաջին անգամ է հաշվառվում կամ վերասարքավորված է (վերասարքավորում է համարվում տրանսպորտային միջոցի կառուցվածքային փոփոխությունը, օրինակ՝ երթևեկության անվտանգության ապահովման վրա ազդող բաղադրիչ մասերի հեռացումը կամ չնախատեսված մասերի տեղադրումը),
-
նշել հաշվառողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ։ Ընդ որում՝ որպես իրավաբանական անձ մեկ այցի ընթացքում կարելի է հաշվառել առավելագույնը 3 ավտոմեքենա,
-
«Մակնիշ» դաշտում լրացնել այն ավտոմեքենայի մակնիշը, որը պետք է հաշվառել,
-
լրացնել Հանրային ծառայությունների համարանիշը (նույնականացման քարտի հակառակ կողմում նշված 10-նիշանոց թիվը կամ սոցիալական քարտի համարը),
-
լրացնել հեռախոսահամարը (անհրաժեշտ է հաշվի առնել, որ հաշվառման քննական բաժնում հերթագրումը հաստատելու համար անհրաժեշտ է լինելու հենց այս դաշտում լրացված հեռախոսահամարով հեռախոսը),
-
սեղմել «Հերթագրվել» կոճակը։
Այս գործողությունները կատարելուց հետո մեկ օրվա ընթացքում նշված հեռախոսահամարին կուղարկվի հաղորդագրություն այցելության օրվա և ժամի մասին։
Ուշադրություն
Գործարքի կողմ հանդիսացող՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կարգավիճակը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներում սպասարկվում են արտահերթ։
Ներկայացվող պահանջները
Ավտոմեքենայի հաշվառման համար պարտադիր է գրանցված լինել ՀՀ-ի որևէ հասցեում։
Պահանջվող փաստաթղթերը
Ավտոմեքենան հաշվառելիս անհրաժեշտ է ներկայացնել՝
-
անձը հաստատող փաստաթուղթ,
-
ավտոմեքենայի ձեռքբերման օրինականությունը հավաստող փաստաթուղթ, եթե դրա սեփականության իրավունքը Ճանապարհային ոստիկանությունում գրանցված չէ։
Միաժամանակ ավտոմեքենայի սեփականությունը գրանցելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
-
առկայության դեպքում տարանցիկ կամ այլ հաշվառման համարանիշեր,
-
օրենքով սահմանված տուրքերի և վճարների վճարման փաստը հավաստող փաստաթղթեր,
-
տեղեկանք գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին։
Վճարման չափը և կարգը
Ավտոմեքենայի հաշվառման համար տեղում գործող բանկերում կամ նախապես անհրաժեշտ է վճարել 23,000 դրամ, որը ներառում է՝
- 5,000 դրամ՝ հաշվառման համար (վճարման հաշվեհամար՝ 900013150033),
- 6,000 դրամ՝ հաշվառման վկայագրի (տեխ․ անձնագիր) համար (վճարման հաշվեհամար՝ 900005016135),
- 12,000 դրամ՝ համարանիշերի համար (վճարման հաշվեհամար՝ 900005016127)։
Վճարումներն առցանց եղանակով կատարելու դեպքում այդ վճարումները հավաստող անդորրագրերը մյուս փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել սպասարկման սրահի աշխատակցին։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարներին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ՝ 09:00-14:00
Թեժ գիծ՝ 177
Կոմուտատոր՝
(+374 ) 060 83-83-02