ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անշարժ գույք

Ստանալ երեխա ունեցող ընտանիքին տրվող աջակցություն՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար

Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ 

Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։

Իսկ եթե հիպոթեքային վարկը տրամադրվել է ցանկում չներառված բանկի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում ստորև նկարագրված եղանակով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։

Աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն։ 

Ծրագրի մասին

  • Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
  • Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
  • Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ներկայացվող պահանջները

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ մարզերում ապրող այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝

  • շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
  • շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
  • մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը պետք է ձեռք բերված լինի կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
  • ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ) գինը առավելագույնը 35 մլն դրամ է։ Այս շեմը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
  • ձեռք բերված կամ կառուցված/կառուցվող անշարժ գույքը պետք է լինի շահառուի և նրա ամուսնու (եթե պաշտոնապես ամուսնացած են) միակ բնակելի գույքը: Այն պետք է պատկանի նրանց անձնական, համատեղ կամ բաժնային (առնվազն 50%) սեփականության իրավունքով,

  • կանխավճարի նվազագույն չափը պետք է լինի առնվազն 10% երկրորդային շուկայից գնվող բնակարանի արժեքից և առնվազն 7,5% առաջնային շուկայից գնվող բնակարանի արժեքից (այս պահանջները չեն վերաբերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին): Նշված տոկոսները հաշվարկվում են` առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության,

  • դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • երեխայի (երեխաների) ծննդյան վկայական,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
  • անշարժ գույքի սեփականության վկայական,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։

Աջակցության չափը

  • Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող կամ արդեն իսկ ձեռք բերված անշարժ գույքի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։
  • Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
  • Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է (ներառյալ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար)։
  • Աջակցությունն ավելացվում է 50%-ով, եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է շահառուի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ ավտոմատ կերպով տեղեկություններ ստանալով երեխա-ծնող կապի, երեխայի կենդանի լինելու, ամուսնության կարգավիճակի և շահառուի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին: Ստուգումն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Նախարարությունը որոշում է կայացնում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին: Այնուհետև 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին ֆինանսական կազմակերպությանը (բանկ) և շահառուին:
  • Հիփոթեքի պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 10 օրվա ընթացքում փոխանցում է գումարը կազմակերպության հաշվին: Անհատական տուն կառուցելու դեպքում գումարը փոխանցվում է վարկը տրամադրելուց հետո: Գումարի փոխանցման մասին նախարարությունը տեղեկացնում է շահառուին էլեկտրոնային փոստով:


Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բանկեր և ֆինանսական կազմակերպություններ
Այս էջը օգտակա՞ր էր