Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ երեխա ունեցող ընտանիքին տրվող աջակցություն՝ մարզում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար
Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Եթե հիպոթեքային վարկը տրամադրել է համագործակցող բանկերից որևէ մեկը, ապա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դիմում ներկայացնելու կարիք չկա․ բանկն ինքը դիմողի տվյալները կփոխանցի նախարարություն։
Իսկ եթե հիպոթեքային վարկը տրամադրվել է ցանկում չներառված բանկի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում ստորև նկարագրված եղանակով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո:
Աջակցության ծրագրին դիմելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝
- այցելել e-request.am,
- սեղմել էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- գրանցվել «ԵսԵմ» նույնականացման կամ էլեկտրոնային փոստի միջոցով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն:
Հարթակում գրանցվելուց հետո աջակցություն ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Հարցում» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ»,
- բացվող էջում ընտրել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» պետական մարմինը, որին ուղղված է դիմումը,
- կցել անհրաժեշտ փաստաթղթերը և սեղմել «Առաջ» կոճակը։
Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Ծրագրի մասին
- Ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
- Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
- Ծրագիրը գործում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել ՀՀ մարզերում ապրող այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են հետևյալ պարտադիր պահանջներին՝
- շահառուն ունի ՀՀ քաղաքացիություն և հանդիսանում է հիպոթեքային վարկ մարողը՝ վարկառուն,
- շահառուն ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
- մարզային բնակավայրում գտնվող բնակելի անշարժ գույքը պետք է ձեռք բերված լինի կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկը տրամադրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
- ձեռք բերված անշարժ գույքի (կամ կառուցվող շենքի բնակարանի, որը դեռ պատրաստ չէ) գինը առավելագույնը 35 մլն դրամ է։ Այս շեմը դիմողի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով ավելանում է 5 մլն դրամով,
-
ձեռք բերված կամ կառուցված/կառուցվող անշարժ գույքը պետք է լինի շահառուի և նրա ամուսնու (եթե պաշտոնապես ամուսնացած են) միակ բնակելի գույքը: Այն պետք է պատկանի նրանց անձնական, համատեղ կամ բաժնային (առնվազն 50%) սեփականության իրավունքով,
-
կանխավճարի նվազագույն չափը պետք է լինի առնվազն 10% երկրորդային շուկայից գնվող բնակարանի արժեքից և առնվազն 7,5% առաջնային շուկայից գնվող բնակարանի արժեքից (այս պահանջները չեն վերաբերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոթեքային վարկ ստացած շահառուներին): Նշված տոկոսները հաշվարկվում են` առանց ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության,
- դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիպոթեքային վարկի մարումներ, և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Պահանջվող փաստաթղթերը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղարկվող առցանց նամակին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
- բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված տեղեկանք,
- անձը հաստատող փաստաթուղթ,
- երեխաների ծննդյան վկայական,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք,
- անշարժ գույքի սեփականության վկայական,
- գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։
Աջակցության չափը
- Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է ձեռք բերվող կամ արդեն իսկ ձեռք բերված անշարժ գույքի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։
- Աջակցությանը 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ավելանում է բնակարանի արժեքի 5%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
- Աջակցության առավելագույն չափը 2 միլիոն դրամ է։
- Աջակցությունն ավելացվում է 50%-ով, եթե շահառուն հիպոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ կամ այնպիսի գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստուգում է շահառուի համապատասխանությունը ծրագրի պայմաններին՝ ավտոմատ կերպով տեղեկություններ ստանալով երեխա-ծնող կապի, երեխայի կենդանի լինելու, ամուսնության կարգավիճակի և շահառուի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասին: Ստուգումն իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- Նախարարությունը որոշում է կայացնում շահառուին ծրագրում ընդգրկելու կամ մերժելու մասին: Այնուհետև 3 օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դրա մասին ֆինանսական կազմակերպությանը (բանկ) և շահառուին:
- Հիփոթեքի պայմանագիրը կնքելուց հետո նախարարությունը 10 օրվա ընթացքում փոխանցում է գումարը կազմակերպության հաշվին: Անհատական տուն կառուցելու դեպքում գումարը փոխանցվում է վարկը տրամադրելուց հետո: Գումարի փոխանցման մասին նախարարությունը տեղեկացնում է շահառուին էլեկտրոնային փոստով:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2020 թվականի մայիսի 14-ի N 968-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։