ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողն ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ

Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե ամուսնացած է ՀՀ քաղաքացու հետ։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը)՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
90 աշխատանքային օր

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։ 

Ընդ որում՝ տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ անձնագրային բաժանմունքի հետ։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
  • բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
  • անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
  • «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։


Ներկայացվող պահանջները

ՀՀ քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝

  • մինչև դիմումը ներկայացնելը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ լինել ՀՀ քաղաքացու հետ և այդ 2 տարիների ընթացքում առնվազն 1 տարի ժամկետով ապրած լինել ՀՀ-ում կամ ունենալ ՀՀ քաղաքացի երեխա։

Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին,

  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ երեխայի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը կամ երեխայի ՀՀ անձնագիրը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկվում է անձի դիմումը։ Անձնագրային բաժանմունքում քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց հետո անձը ստանում է SMS հաղորդագրություն իր դիմումի համարով, որով կարող է հետևել դիմումի ընթացքին։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելու դեպքում անձը այդ մասին տեղեկացվում է SMS հաղորդագրությամբ, որից հետո կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։


Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր