ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կյանքի իրադարձություն

Քաղաքացիություն և բնակության իրավունք

Ուղեցույցը պարունակում է տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի, ձեռք բերել հատուկ անձնագիր կամ օրինական հիմքերով բնակվել ՀՀ-ում։ Այստեղ կգտնես անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու տեղեկատվությունը քայլ առ քայլ մոտեցմամբ։

Քայլերի հաջորդականությունը

Ինչպե՞ս դառնալ ՀՀ քաղաքացի

  1. Քայլ 1

    Պատրաստիր փաստաթղթերդ

    Կախված նրանից՝ դիմում ես քաղաքացիություն, թե կացության կարգավիճակ ստանալու համար, պետք է պատրաստես համապատասխան փաստաթղթերը, որոնք ներկայացված են ուղեցույցում։ 

  2. Քայլ 2

    Ներկայացրու դիմում

    ՀՀ-ում քաղաքացիություն ստանալիս դիմիր անձնագրային վարչություն, իսկ արտերկրում գտնվելիս՝ տվյալ երկրում գտնվող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

  3. Քայլ 3

    Հետևիր դիմումիդ ընթացքին

    Քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումիդ ընթացքին կարող ես հետևել առցանց՝ մուտքագրելով դիմումիդ հսկիչ համարը։ 

  4. Քայլ 4

    Ստացիր անձնագիր

    Փաստաթղթերդ ներկայացնելու պահից սկսած 90 օրվա ընթացքում կտեղեկանաս քաղաքացիության դիմումիդ բավարարման կամ մերժման մասին։ Դիմումդ բավարարվելու դեպքում կարող ես դիմել անձնագիր ստանալու համար։

Հայաստանում կարելի է օրինական հիմքով բնակվել նաև ստանալով կացության կարգավիճակ։

Քաղաքացիությունը իրավական կապն է պետության և անհատի միջև, ըստ որի՝ պետությունը ճանաչում է քաղաքացու իրավունքները և պաշտպանում նրան իր սահմաններում, իսկ քաղաքացին կատարում է իր պարտականությունները՝ ենթարկվելով պետության օրենքներին և Սահմանադրությանը։

ՀՀ քաղաքացի է համարվում ՀՀ քաղաքացիներից ծնված երեխան։ Հնարավոր է նաև ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն տարբեր հիմքերով։

ՀՀ քաղաքացիություն կարելի է ձեռք բերել հետևյալ հիմքերով․

  • քաղաքացիության ճանաչմամբ,

  • ծննդով,

  • քաղաքացիություն ստանալու միջոցով,

  • քաղաքացիությունը վերականգնելու միջոցով,

  • բացառիկ կարգով,

  • օրենքով նախատեսված այլ հիմքերով։

ՀՀ քաղաքացիությունը շնորհվում է ՀՀ նախագահի կողմից։

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:


ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է նաև չհիմնավորվել։

Քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ գործերի ընթացքին կարելի է հետևել առցանց՝ մուտքագրելով անձնագրային վարչության (տարածված է նաև ОВИР անվանումը) կողմից դիմում-հարցաթերթում նշված էլեկտրոնային փոստի հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկված հսկիչ համարը։

Քաղաքացիությունը ծննդյան հիմքով

ՀՀ-ում ծնված երեխայի քաղաքացիությունը

Եթե երեխայի ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, ապա նա ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն՝ անկախ ծնվելու վայրից։

Եթե երեխայի ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուս ծնողը քաղաքացիություն չունեցող անձ է կամ ունի անհայտ ինքնություն, ապա երեխան, միևնույն է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն։

Իսկ եթե երեխայի ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ այլ երկրի քաղաքացի, ապա երեխան իրավունք ունի ՀՀ քաղաքացիություն ստանալու ծնողների գրավոր համաձայնությամբ։ Ընդ որում՝ երեխան կարող է միաժամանակ ունենալ նաև այլ երկրի քաղաքացիություն։

Երբ բացակայում է ծնողների գրավոր համաձայնությունը, երեխան այնուամենայնիվ ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝ 

  • ծնվել է ՀՀ-ում,

  • ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում կդառնա քաղաքացիություն չունեցող անձ (չունի այլ երկրի քաղաքացիություն),

  • բնակվում է ՀՀ-ում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը։

ՀՀ-ում ծնված երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝

  • ծնողները քաղաքացիություն չունեցող անձինք են,

  • ծնողների քաղաքացիությունն անհայտ է,

  • ծնողներն այլ երկրի (երկրների) քաղաքացիներ են, սակայն այդ երկրի (երկրների) օրենսդրության համաձայն չեն կարող իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխային,

  • ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է և այդ երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային,

  • ծնողներից մեկը քաղաքացիություն չունեցող անձ է, իսկ մյուսի քաղաքացիությունն անհայտ է,

  • ծնողներից մեկի քաղաքացիությունն անհայտ է, իսկ մյուսն այլ երկրի քաղաքացի է և այդ երկրի օրենսդրության համաձայն չի կարող իր քաղաքացիությունը փոխանցել երեխային:

Վերոնշյալ դեպքերում երեխան ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա։

 

Եթե ազգությամբ հայ երեխայի ծնողները ՀՀ քաղաքացի չեն, ապա երեխան այնուամենայնիվ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն ՀՀ հասցեով գրանցվելու պահից սկսած։

Այս դեպքում երեխան ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին պետք է կցված լինի նաև ծնողների գրավոր համաձայնությունը։

 

Քաղաքացիություն ստանալու ձևերը

Քաղաքացիության շնորհումը

Կարող ես դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, եթե չափահաս ես, գործունակ, օրինական հիմքով բնակվում ես այլ երկրում կամ Հայաստանում։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար պետք է՝

  • վերջին երեք տարին մշտապես բնակված լինես ՀՀ-ում,

  • կարողանաս խոսել հայերեն,

  • ծանոթ լինես ՀՀ Սահմանադրությանը։

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձանց ՀՀ Սահմանադրության իմացությունն ստուգվում է թեստավորման միջոցով։ Թեստը կազմված է 33 հարցից․ յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ։

Եթե ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողն անձամբ լրացնում է իր դիմում-հարցաթերթը և ճիշտ է պատասխանում ՀՀ Սահմանանդրության իմացության ստուգման թեստի կեսից ավելի հարցերին, ապա համարվում է, որ անձը տիրապետում է հայերենին։

 

Եթե վերջին 3 տարիների ընթացքում մշտապես չես բնակվել ՀՀ-ում, ծանոթ չես ՀՀ Սահմանադրությանը և չես խոսում հայերեն, ապա այնուամենայնիվ կարող ես դիմել պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

Քաղաքացիության ստացումը պարզեցված կարգով

Պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն կարող ես ստանալ հետևյալ դեպքերում՝

  • եթե ազգությամբ հայ ես, այդ թվում՝ եթե տեղափոխվել ես Արցախից,

  • եթե ծնողդ ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում,

  • եթե գրանցված ամուսնության մեջ ես ՀՀ քաղաքացու հետ,

  • եթե նախկինում հրաժարվել ես քաղաքացիությունիցդ և ցանկանում ես վերականգնել այն,

  • եթե ճանաչվել ես ՀՀ քաղաքացի, փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձ:

Քաղաքացիության ստացումը, եթե ազգությամբ հայ ես

Քաղաքացիություն ստանալու համար պետք է հաստատես ազգությամբ հայ լինելդ, իսկ հայերենին տիրապետելն ու ՀՀ Սահմանադրությանը ծանոթ լինելը պարտադիր չէ։ 

Ազգությամբ հայ լինելդ հաստատելու համար կարող ես ներկայացնել հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը․

  • ընտանիքի անդամներից որևէ մեկի ծննդյան վկայական, անձնագիր կամ անձը հաստատող այլ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ նա ազգությամբ հայ է, 

  • սփյուռքի որևէ համայնքի եկեղեցական կառույցի կողմից տրված մկրտությանդ վկայականը՝ վավերացված տվյալ երկրում գտնվող ՀՀ դեսպանության կամ հյուպատոսության կողմից։ Ընդ որում՝ մկրտության վկայականը եկեղեցուց ստանալու համար քո ներկայությունը պարտադիր չէ։


Ներկայացվող փաստաթղթերում պետք է առկա լինի նշում ազգությամբ հայ լինելուդ վերաբերյալ։ Բացի անձնագրից՝ ներկայացվող մնացած փաստաթղթերը պետք է լինեն ապոստիլով վավերացված և նոտարական թարգմանությամբ։ 

Ազգության հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետք է ներկայացնես հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • ազգությունը հաստատող փաստաթուղթը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է․ վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով): 

Այստեղ կգտնես այն եկեղեցական կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության վկայականը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստատուղթ։

Առցանց ամրագրել այց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար, եթե Հայաստանում ես
Սկսել
Առցանց ամրագրել այց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար, եթե արտասահմանում ես
Սկսել

Քաղաքացիության ստացումը, եթե ծնողդ ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում

Եթե ծնողներդ կամ նրանցից մեկը նախկինում եղել է ՀՀ քաղաքացի կամ ծնվել է ՀՀ-ում, ապա 18 տարիդ լրանալուց հետո 3 տարվա ընթացքում կարող ես դիմել  ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ 

Ծնողի՝ ՀՀ քաղաքացի լինելու կամ ՀՀ-ում ծնված լինելու հիմքով քաղաքացիություն ստանալու համար դիմելիս պետք է ներկայացնել հետևալ փաստաթղթերը՝

  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է․ վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով):

 

Առցանց ամրագրել այց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար, եթե Հայաստանում ես
Սկսել
Առցանց ամրագրել այց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար, եթե արտասահմանում ես
Սկսել

Ուշադրություն
Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա անհրաժեշտ է այդ ծնողի գրավոր համաձայնությունը երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու վերաբերյալ։

Քաղաքացիության ստացումը, եթե ամուսնացած ես ՀՀ քաղաքացու հետ

Ամուսնության հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս պարտադիր պետք է մինչև դիմումը ներկայացնելը վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ լինես ՀՀ քաղաքացու հետ և այդ 2 տարիների ընթացքում առնվազն 1 տարի ժամկետով ապրած լինես ՀՀ-ում կամ ունենաս ՀՀ քաղաքացի երեխա։

 

Ամուսնության հիմքով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում` ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ամուսնության վկայականը և դրա պատճենը, ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին,

  • երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ երեխայի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը կամ երեխայի ՀՀ անձնագիրը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը (պետական տուրքը 1000 դրամ է. վճարումը կատարվում է օնլայն՝ Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով)։

 

Առցանց ամրագրել այց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար, եթե Հայաստանում ես
Սկսել
Առցանց ամրագրել այց քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար, եթե արտասահմանում ես
Սկսել

Անձի քաղաքացիության կարգավիճակի որոշումը

ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար կարող են դիմել՝

  • ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ (Խորհրդային Հայաստանի) քաղաքացիները, ովքեր մինչև 1995թ․ հուլիսի 5-ը (ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը) ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ 1995թ․ նոյեմբերի 28-ից («ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց) սկսած մեկ տարվա ընթացքում հրաժարվել են դրանից,

  • ՀՀ-ում մշտապես բնակվող հայերը, ովքեր չունեն քաղաքացիություն՝ մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու դեպքում, 

  • նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր մշտապես բնակվում են ՀՀ-ում և օտարերկրյա քաղաքացի չեն՝ մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու դեպքում, 

  • ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն։


Վերոնշյալ կետերով ՀՀ քաղաքացի ճանաչվող անձինք ձեռք են բերում ՀՀ քաղաքացիություն, եթե օրենքով սահմանված կարգով դիմել և ստացել են ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։

ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար պետք է դիմես՝

  • անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը), եթե գտնվում ես Հայաստանում,
  • ՀՀ դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ, եթե գտնվում ես արտասահմանում։

 

1995թ․ նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես Հայաստանում բնակվելու դեպքում ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ-ում մշտապես բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ քաղվածք գյուղական համայնքի ծխամատյանից, տեղեկանք համատիրությունից, աշխատանքային գրքույկ կամ տեղեկանք աշխատանքի վայրից, անձի՝ ՀՀ-ում սովորելը կամ աշխատելը հավաստող փաստաթուղթ (կրթական հաստատությունից վկայական, աշխատանքի վայրից համապատասխան հավաստում և այլն),
  • այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
  • այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
  • ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն:

1995թ․ նոյեմբերի 28-ի դրությամբ օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ սահմաններից դուրս բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ օտարերկրյա պետության կողմից տրված կացության կարգավիճակ, օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ նշում և այլն),
  • այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
  • այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
  • ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն:
Ֆիզիկապես դիմել անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու համար Հայաստանում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել անձի քաղաքացիության կարգավիճակը որոշելու համար արտասահմանում
Իմանալ ավելին

ՀՀ քաղաքացիության ստացումը բացառիկ կարգով

ՀՀ նախագահը կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ են մատուցել, օրինակ՝ զգալի չափով նվիրատվություններ արել կամ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարել։ Այս դեպքում քաղաքացիությունը շնորհվում է արագացված կարգով՝ կարճ ժամկետում։

Քաղաքացիությունը դադարեցրած լինելու դեպքում հնարավոր է վերականգնել այն։ Եվս մեկ անգամ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է կատարել նույն հաջորդական գործողությունները։

Բաժինը կազմվել է՝ համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի։
Զինապարտ ՀՀ քաղաքացիները

Զինվորական հաշվառումը

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում 18-ից 37 տարեկան տղամարդիկ պետք է անցնեն երկամյա զինվորական ծառայության, իսկ 37-58 տարեկան ՀՀ քաղաքացի տղամարդիկ պետք է հաշվառվեն զինվորական պահեստազորում՝ զորահավաքի դեպքում զինվորական ծառայության կանչվելու հավանականությամբ։

Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար ՀՀ-ում
Իմանալ ավելին
Ֆիզիկապես դիմել զինվորական հաշվառում անցնելու համար արտասահմանում
Իմանալ ավելին
Գրանցումը ՀՀ բնակության վայրի հասցեում

Գրանցումը հասցեում

Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ բնակության վայրի հասցեում գրանցվելու համար, որից հետո միայն անձը կարող է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ։

Քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթը

Անձնագրի ստացումը

Նշված հիմքերից որևէ մեկով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անհրաժեշտ է դիմել քաղաքացիությունն ապացուցող փաստաթուղթ՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։ Անձնագիրը թույլ է տալիս դուրս գալ ՀՀ-ից և վերադառնալ ՀՀ, այն նաև օգտագործվում է ՀՀ տարածքում որպես անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ։

Երկքաղաքացիության թույլատրումը

Երկքաղաքացիություն

ՀՀ երկքաղաքացի է համարվում այն անձը, որը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։

ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչվում է որպես միայն ՀՀ քաղաքացի։

Երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքները և կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականությունները՝ բացառությամբ ՀՀ միջազային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի։

Այո՛։ Այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում պարտավոր ես այդ մասին մեկ ամիս ժամկետում տեղեկացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը (տարածված է նաև ОВИР անվանումը) կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին։ Այնուամենայնիվ այդ տեղեկատվությունը չհայտնելու դեպքում դու որևէ պատասխանատվության չես ենթարկվի։ 

Այո՛։ Երկքաղաքացի արական սեռի քաղաքացիները համարվում են ՀՀ զինապարտ և պետք է պարտադիր զինվորական ծառայության անցնեն Հայաստանի զինված ուժերում։ Այս դեպքում պարտադիր է նաև քաղաքացու զորահավաքին և վարժական հավաքին մասնակցությունը։

Երկքաղաքացին ազատվում է ՀՀ զինված ուժերում ծառայելու պարտավորությունից, եթե․

  • մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը առնվազն 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում,

  • առնվազն 18 ամիս այլընտրանքային ծառայություն է անցել այլ պետությունում (այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զենք կրելը, պահելը կամ օգտագործելը կամ առհասարակ զինվորական ծառայության անցնելը):

 

Բաժինը կազմվել է՝ համաձայն «ՀՀ քաղաքացիության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների։
Բնակության իրավունքի տեսակները

Կացության կարգավիճակը` որպես բնակության իրավունք

Հայաստանում կացության կարգավիճակն օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին թույլ է տալիս մուտք գործել Հայաստան, կացության քարտում նշված ժամկետում բնակվել ՀՀ տարածքում՝ ունենալով ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ։

Գոյություն ունի Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակի երեք տեսակ՝ ժամանակավոր կացության կարգավիճակ, մշտական կացության կարգավիճակ և հատուկ կացության կարգավիճակ:

Անձը ՀՀ-ում կացության կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ունենում է հետևյալ իրավունքները՝

  • աշխատանքի իրավունք,

  • կրթության իրավունք,

  • բժշկական օգնություն ստանալու իրավունք, 

  • սոցիալական ապահովության իրավունք,

  • ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավունք։

  • Անձին չի տրամադրվում ճամփորդական փաստատուղթ (վիզա),

  • անձը չի կարող հողատարածք գնել որպես իր սեփականություն,

  • անձը չի կարող մասնակցել համապետական ընտրությունների,

  • անձը չի ծառայում ՀՀ զինված ուժերում։

Եթե անձը ձեռք է բերում ՀՀ կացության կարգավիճակ, ապա նրա ընտանիքի անդամները նույնպես կարող են դիմել ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար։

Հատուկ կացության կարգավիճակ

Հատուկ կացության կարգավիճակը հնարավորություն է տալիս ազգությամբ հայ օտարերկրացիներին և ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների օրինական հիմքով բնակվելու ՀՀ-ում՝ 10 տարի ժամկետով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։

ժամանակավոր և մշտական կացության կագավիճակ

Ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակները բնակության իրավունքի տեսակներ են, որոնք օտարերկրացիներին հնարավորություն են տալիս օրինական հիմքով բնակվել ՀՀ-ում՝ համապատասխանաբար 1 և 5 տարի ժամկետներով և կարգավիճակը երկարաձգելու հնարավորությամբ։

Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր