Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողի ծնողը ՀՀ քաղաքացի է
Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե նրա ծնողներից մեկն ունի ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում։
Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Քաղաքացիության շնորհում կամ դադարեցում» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Ներկայացվող պահանջները
Անձի ծնողներից մեկը նախկինում պետք է եղած լինի ՀՀ քաղաքացի կամ ծնված լինի ՀՀ-ում։ Այս դեպքում 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,
-
անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները),
-
35x45 մմ չափսի 6 լուսանկար,
-
ծննդյան վկայականը և դրա պատճենը,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Ուշադրություն
Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա անհրաժեշտ է այդ ծնողի գրավոր համաձայնությունը երեխային ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր տալու վերաբերյալ։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Անձի դիմումը դիտարկվում է այն ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում, ինչից հետո դիմողն էլեկտրոնային հաղորդագրությամբ տեղեկացվում է քաղաքացիություն ստանալու դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ։
Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով)։
Քաղաքացիություն ստանալու դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է կրկին դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն։ ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։
Հղում օրենսդրությանը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11